Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսի տարածման հետեւանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ, որը վարում էր պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
Քննարկմանը մասնակցում էին Երեւանի տարբեր վարչական շրջանների պետական մարզադպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ քննարկմանը պետք է մասնակցեր նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բայց նա գտնվում է Արցախում եւ չի հասցրել վերադառնալ:
«Ուզում ենք հասկանալ, թե մարզադպրոցներն ինչ խնդիրներ ունեն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված: Պարետատան կողմից պարբերաբար ունենում ենք կարգավորումներ, որոնք շատերը հասկանում են, շատերը ոչ: Այս քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած մարզաշխարհը պարետատան սահմանափակումներից հետո»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը:
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մարզադպրոցներից մեկի տնօրեն Բելլա Ղազարյանի խոսքով, մարզադպրոցը պարետատան պահանջով չի աշխատում, ինչի հետեւանքով տուժում են տարբեր մարզաձեւեր:
«Պարետի որոշմամբ՝ դեռ չենք աշխատում, փակ է դպրոցը: Կորոնավիրուսի պատճառով մարզաձեւերում խնդիր է առաջացել: Միայն գեղարվեստական մարմնամարզությունից մեզ մոտ մարզվում է 200-ից ավելի երեխա: Փորձում ենք մարզումները կազմակերպել հանրակրթական դպրոցի դահլիճներում, որտեղ մինչեւ 30 երեխա է կարողանում մարզվել: Մարզաձեւը տուժում է: Ծնողների հետ մշտական կապի մեջ ենք: Նրանց մեծ մասը չի ցանկանում այլեւս բերել մարզումների երեխաներին մինչեւ արտակարգ դրության ավարտը: Հեռավորությունը կարողանում ենք պահպանել, բայց գործիքներով են երեխաները աշխատում եւ դրանք ախտահանելու խնդիր կա: Ախտահանման նյութերի կարիք ունենք»,- ասաց Բելլա Ղազարյանը:
Շենգավիթ համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը ֆինանսական աջակցության խնդիր բարձրացրեց՝ նշելով, որ մարզադպրոցները դժվարությամբ են կարողանում ապահովել ախտահանիչ նյութերը:
«Մենք փորձել ենք ընդգրկել հավաքական թիմերը: Հրամանը եղավ, որ կարող են մարզիկները վերսկսել մարզումները: Բայց միջոցների խնդիր ունենք, որոնք բավական թանկ են՝ ալկոգել, ախտահանիչ նյութեր, ջերմաչափման սարքեր: Մենք չենք կարողանում մեր միջոցներով ապահովել դրանք: Ամսական մեծ գումար է կազմում, բայց մեր միջոցներով դեռ չենք կարողանում անել: Եթե պետական աջակցություն ունենանք, կարող ենք նաեւ օգնել այն մարզադպրոցներին, որոնք իրենց մարզումները կազմակերպում են հանրակրթական դպրոցների դահլիճներում:
Կա եւս մեկ խնդիր՝ մարզադպրոցների պահակների հետ կապված, որոնք հրաժարվում են գալ աշխատանքի, քանի որ ռիսկային գոտում են: Իսկ եթե պահակները չլինեն, մարզադպրոցներն ովքեր պետք է պահպանեն: Այս խնդիրը եւս պետք է կարգավորվի»,- նշեց Դավիթ Ֆահրադյանը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, Երեւանի «Օլիմպավանի» տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանի խոսքով՝ հայ մարզիկները, ազգային հավաքականները հետ են ընկնում նախաօլիմպիական ծրագրից, քանի որ մասնավորապես կոնտակտային մարզաձեւերում մարզումներ չեն անցկացվում:
«Կոնտակտային մարզաձեւերը, օրինակ՝ ձյուդոն, շատ վատ վիճակում է: Պարետատան թույլտվությամբ, կարող են մեր պրոֆեսիոնալ մարզիկները մարզվել: Հավաքականի բոլոր մարզիչները աշխատում են դպրոցների հետ, բայց ոչ լիարժեք: Մենք չունենք հնարավորություն մարզադահլիճում աշխատել: Մեր հավաքականի տղաներն այնքան ուժային են արել, որ ոչ տատամին են զգում, ոչ մրցակցին»,- նկատեց Թաթուլ Հովհաննիսյանը:
ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի եւ կոնտակտային մարզաձեւերի համար առաջարկում է մարզիկներին 15-20 հոգանոց խմբերով բոլորին թեստավորել, բացասական պատասխաններից հետո մեկուսացնել տարբեր մարզաբազաներում կամ հյուրանոցներում, որտեղ կան ֆիթնես դահլիճներ, որպեսզի նրանք չունենան որեւէ շփում, կոնտակտ:
«Այս առաջարկը ես արել եմ նաեւ միջազգային կոնֆերանսների ժամանակ. խոսքը ազգային հավաքականների մասին է: Պետք է քննարկվի, փորձենք կիրառել, որպեսզի մեր հավաքական թիմերը չտուժեն կորոնավիրուսի պատճառով եւ հետ չընկնեն իրենց մարզումներից: Պարետատնից կամ կառավարությունից լրացուցիչ գումարներ պետք չի այս ծրագիրն իրականացնելու համար, քանի որ մարզական ֆեդերացիաները տարեսկզբին ստացել են կառավարությունից իրենց նախատեսված ֆինանսավորումը եւ չեն կարողանում այդ ֆինանսները օգտագործել»,- ասաց պատգամավորը:
Թաթուլ Հովհաննիսյանը Արսեն Ջուլֆալակյանին առաջարկեց մենապայքարային մարզաձեւերի հավաքականներին մեկուսացնել Օլիմպավանում, որտեղ կան բոլոր պայմանները մարզիկներին կորոնավիրուսից պաշտպանելու համար:
Քննարկվեց նաեւ պարետի որոշումը պրոֆեսիոնալ մարզիկների վերաբերյալ: Մասնակիցները նշեցին, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ անճշտություն կա պրոֆեսիոնալ մարզիկների մասին: Շատ հավաքականներ չեն կարողանում վերսկսել մարզումները պետական մարզադպրոցներում, քանի որ ըստ օրենքի հավաքականների անդամները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն համարվում եւ մարզադպրոցները չեն համաձայնվում թույլ տալ հավաքականներին մտնել դահլիճ մարզումների:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ-ի հետ կքննարկի եւ պարետատանը կառաջարկի մարզաձեւերն առանձնացնել տարբեր համայնքների մարզադպրոցներում, որպեսզի հավաքական թիմերը եւ տվյալ մարզաձեւերի մարզիկները կարողանան կազմակերպել մարզադահլիճային մարզումները:
Արսեն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ մայիսի 25-ին ժամը 12-ին ԱԺ-ում կհրավիրվի եւս մեկ քննարկում Սմբատ Գոգյանի հրաժարականի վերաբերյալ, որին ներկա կլինեն ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը եւ ԿԳՄՍ տեղակալ Գրիշա Թամրազյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում