23:47  ,  21 մայիսի, 2020

Սարգիս Ադամյան․ Անցնող մրցաշրջանն ինձ համար գնահատում եմ դրական

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում գնահատել է իր խաղն այս մրցաշրջանում, խոսել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ֆուտբոլի մասին։

Սարգիս, ամբողջությամբ վերականգնվե՞լ ես վնասվածքից: Ե՞րբ քեզ կտեսնենք խաղադաշտում:

Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե երբ  կկարողանամ թիմակիցներիս օգնել խաղադաշտում:

Գերմանական Բունդեսլիգան եվրոպական առաջատար առաջնությունից առաջինն էր, որը երկամսյա դադարից հետո վերսկսվեց: Որքանո՞վ էր ճիշտ այդ որոշումը:

Կարծում եմ՝ ֆուտբոլի վերադարձը ճիշտ որոշում էր։ Գերմանիան ֆուտբոլային երկիր է, մարդիկ ապրում են ֆուտբոլով։ Յուրաքանչյուր հանգստյան օր վերածվում է տոնի: Պետք է փոքր քայլերով վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս տեսանկյունից ևս Բունդեսլիգայի վերադարձը համարում եմ արդարացված։

Ինչո՞վ է տարբերվում ֆուտբոլը կորոնավիրուսից առաջ և հետո:

Կան բազմաթիվ տարբերություններ։ Ամենամեծ տարբերությունը և դժվարությունը երկրպագուների բացակայությունն է։ Խաղերը նմանվում են ընկերական հանդիպումների, սակայն, միևնույն է, ունեն շատ մեծ նշանակություն։ Շատ բարդ է առանց երկրպագուների խաղալը, սակայն այս ամենն արվում է բոլորիս առողջությունն ապահովելու համար: Այս պահին դա ամենակարևորն է։

Մրցաշրջանի մեծ մասն արդեն անցյալում է: Գո՞հ ես քո մրցելույթներից:

Անցնող մրցաշրջանն ինձ համար գնահատում եմ դրական, քանի որ բազմաթիվ հանդիպումների եմ մասնակցել, գոլերի հեղինակ եմ դարձել թոփ ակումբների դեմ խաղում, գոլային փոխանցումներ եմ կատարել։

Ցավոք սրտի, մրցաշրջանի երկրորդ հատվածում ստացած վնասվածքս մի փոքր խանգարեց, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքներից։

Չնայած վերջին շրջանում անհաջող մրցելույթներին՝ ձեր ակումբի առջև դրվա՞ծ է Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք բերելու խնդիր:

Անպայման ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպայի լիգայում։ Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում, որպեսզի զբաղեցնենք ուղեգիր պարգևող 6-րդ կամ 7-րդ տեղը։

Այս դադարի ընթացքում շփվե՞լ ես Հայաստանի ազգային հավաքականում թիմակիցներիդ հետ:

Այո, խոսել եմ Վարազդատ Հարոյանի հետ։ Նա վնասվածք էր ստացել, փորձում էի օգնել նրան, որպեսզի կարողանա գա և վերականգնվի Գերմանիայում, սակայն, ինչպես արդեն գիտեք, կորոնավիրուսն այդ ամենին խանգարեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով