17:09  ,  21 մայիսի, 2020

Հաբեթնակ Կուրղինյան․ Կան ըմբիշներ, որոնց կարանտինի ավարտից հետո հավաքականում այլեւս չենք տեսնի

Կան ըմբիշներ, որոնց կարանտինի ավարտից հետո հավաքականում այլեւս չենք տեսնի: Թիմում փոփոխություններ են սպասվում: Ինչ վերաբերում է Գացալովին, հավաքականում նրա մնալը պայմանավորված է ֆիզիկական տվյալներով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ինչպես հունահռոմեական ոճի ըմբիշները, այնպես էլ ազատ ոճայինները մեկամյսա հարկադրված պարապուրդից հետո մարզադահլիճ չեն վերադարձել եւ գորգային մարզումներ չեն անցկացնում, քանի որ ըմբիշների պարագայում վարակի տարածումը կանխել ուղղակի հնարավոր չէ պաշտպանիչ միջոցներով: Երկու թիմերի գլխավոր մարզիչներն էլ վտանգավոր են համարում մարզադահլիճ վերադառնալը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով, մեծ ռիսկ է ըմբիշներին գորգ հանելը, եւ ազգային հավաքականը դեռեւս մարզվում է բացօթյա պայմաններում:

Պարոն Կուրղինյան, ի՞նչ վիճակում են ազատ ոճայինները: Ե՞րբ եք նախատեսում վերադառնալ մարզադահլիճ:

Փորձում ենք դիմանալ այս կարանտինյան վիճակին: Մեր թիմի համար ամեն ինչ անորոշ է, մարզումներ չենք կարողանում կազմակերպել, մրցաշարերը անորոշ ժամանակով հետաձգված են: Սպասում ենք, տեսնենք, թե երբ այս ամենը կավարտվի:

Ճիշտ է՝ պրոֆեսիոնալ մարզիկներին թույլ են տվել մարզվել, բայց մենք չենք վերսկսել մեր թիմային մարզումները: Ամեն մեկն իր մարզադպրոցում, իրեն հարմար վայրում է մարզվում անհատական, ես էլ հաճախում եմ այդ մարզումներին, հետեւում: Ընդհանուր գորգային մարզում չենք անցկացնում:

Ես նույնպես դեռ չեմ պատկերացնում՝ ինչպես ենք մարզվելու: Հավաք կազմակերպելու մասին չենք մտածում, քանի դեռ անորոշություն է: Իրականում ես ինքս ռիսկ չեմ անում կազմակերպել մարզում կամ հավաք: Շատ վտանգավոր է: Եթե հանկարծ գորգային մարզումների անցնենք, այնպես ստացվի, որ ինչ-որ մեկը վարակվի, ամբողջ թիմը՝ մարզիչներով, ընտանիքի անդամներով բոլորս կվարակվենք: Պաշտպանվելու որեւէ տարբերակ չունենք:

Ես հստակ չգիտեմ էլ, թե մեր մոտակա մրցումները երբ են անցկացվելու: Միջագային ֆեդերացիան մինչեւ այս տարվա հուլիսի մեկը մրցաշարերը չեղյալ է հայտարարել: Մեծահասակները պատրաստվում էին Օլիմպիական խաղերին: Մեկ տարով հետաձգեցին Խաղերը, եւ մենք կանգնեցինք անորոշության առաջ: Այս պահին խոսակցություններ են գնում, որ գուցե 2021 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվի այս տարի: Այն պետք է տեղի ունենար Նորվեգիայում, բայց ընդունող երկիրը հրաժարվել է անցկացնել այս տարի: Խոսակցություններ կան, որ Ռուսաստանն է ցանկանում 2021-ի աշխարհի առաջնությունն անցկացնել, բայց այս ամենը դեռեւս խոսակցությունների մակարդակում է:

Միջազգային ֆեդերացիայի հետ կապի մեջ ենք: Ըստ նրանց՝ մինչեւ հունիսի 10 արդեն պարզություն կլինի մեր առաջիկա անելիքների, մրցաշարերի անցկացման ժամկետների վերաբերյալ:

Թիմը կարողացե՞լ է տնային եւ բացօթյա մարզումների շնորհիվ պահպանել որոշակի մարզավիճակ:

Տղաները հնարավորինս պահպանել են ֆիզիկական վիճակը: Ամեն ինչ պայմանավորված է մարզիկի սեփական նախաձեռնողականությունից: Մեկի համար սա լավ առիթ էր տանը մնալու, չմարզվելու համար, մեկ ուրիշի համար հակառակը: Ասում են՝ չկա չարիք առանց բարիք: Մարզիկ կար, որ մինչ այս չէր ուզում այլեւս մարզվել, սա իր համար լավ հնարավորություն եղավ: Ով մարզվում է, նպատակ ունի, խնդիրներին ու պայմաններին չի նայում, մարզվում է: Դժվարությունների առաջ ենք կանգնած, անխոս: Գորգային մարզումներ չենք անում, սա արդեն խնդիր է, բայց եթե մարզիկը ցանկանում է մարզվել, նպատակ ունի իր առջեւ դրված, որեւէ խոչընդոտ իրեն չի կարող խանգարել:

Երկու ամիս մարզիկներն իրենց նախաձեռնությամբ են մարզվել, սա չի կարող անհետեւանք մնալ: Բնական է՝ հավաք սկսելուն պես, շատ մեծ աշխատանք ունենք անելու, երկար ժամանակ է պետք վերականգնվելու համար:

Վստահ կարող եմ ասել, որ որոշակի բազա կարողացել ենք պահել, հեռավար, մշտական կապի մեջ լինելով, հսկել ենք մարզումները, առաջադրանքներ տվել: Կրկնվեմ, այս իրավիճակում ամեն ինչ կախված է եղել մարզիկի ցանկությունից. մարդ կա մշտապես մարզվել է, մարզիկ էլ կա, որ  չի մարզվել ու նրան այլեւս չենք տեսնի գորգում:

Ի՞նչ փոփոխություններ կտեսնենք ազգային հավաքականում կարանտինից հետո:

Անուններ չեմ ցանկանում տալ, բայց փոփոխություններ ունենալու ենք: Ժամանակից առաջ անցնել չեմ ցանկանում, բայց բոլորն էլ կտեսնեն, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Մենք ունենք տարիքով մեծ ըմբիշներ, որոնց համար Օլիմպիական խաղերի հետաձգումը մեկ տարով իր հետեւանքն ունեցավ: Կան մի քանի ըմբիշներ, որոնք այլեւս մեր հավաքականում չեն լինի, դուրս կգան՝ Հայաստանի չեմպիոններ, մրցանակակիրներ:

Եթե ամեն ինչ լավ դասավորվի, պանդեմիան նահանջի, աշնանը կանցկացնենք Հայաստանի առաջնություն, որպեսզի նոր կազմ ձեւավորենք, քանի որ մեծ փոփոխություններ են սպասվելու ազգային հավաքականում:

Գացալովի հետ կապված ծրագրերն ինչպիսի՞ն են:

Նա նույնպես տարիքով ըմբիշ է: Այս պահին հանդիսանում է Հայաստանի հավաքականի անդամ, բայց ոչինչ դեռ հայտնի չէ: Պետք է սպասենք, տեսնենք, թե երբ կավարտվի այս ամենը, երբ կվերսկսենք մեր մարզումները, հետագայում արդեն եթե ամեն ինչ նորմալ լինի։ Եթե Գացալովը զգա, որ ինքը կարող է շարունակել եւ պայքարի մեջ լինել, կշարունակենք համագործակցությունը:

Խաղերի հետաձգումը մեկ տարով ընդհանուր բացասական ազդեցություն կթողնի բոլոր մարզաձեւերի վրա: Օլիմպիական ցիկլը խախտվեց, իսկ սա արդեն բացասական է:

Տեսեք՝ Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2021 թվականին, բայց շատերը վարկանիշները նվաճել են 2019-ին: Մարզիկը ստիպված պետք է երկու տարի սպասի վարկանիշը ձեռք բերելուց հետո: Ինչպիսին է եղել մարզիկի մարզավիճակը վարկանիշը ձեռք բերելու պահին, ինչպիսին կլինի երկու տարի անց: Երկու տարվա մեջ մարզիկի մոտ մեծ փոփոխություններ կարող են լինել: Թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով մարզիկի վրա բացասական ազդեցություն է թողնելու այս մեկ տարին: Գուցե շատերի համար այդ մեկ տարին ոչինչ չփոխի, կամ երիտասարդներն ավելի ուժեղանան, պնդանան, իսկ տարիքով մարզիկը, որը վարկանիշը վերցնելու պահին գտնվում էր իդեալական մարզավիճակում, չկարողանա մեկ տարի անց նորից գալ այդ լավ մարզավիճակին: Օրինակ՝ հենց Գացալովը. նա այս տարի շատ լավ մարզավիճակում էր: Չես կարող ասել՝ 2021-ին կկարողանա՞ նույն լավ մարզավիճակը ձեռք բերել:

Այս կորոնավիրուսը հայտնի չէ՝ մեզ դեպի ուր է տանում: Սպորտն այս համավարակից շատ տուժեց: Ոչ միայն ըմբշամարտ, Օլիմպիական խաղեր, ֆուտբոլային խոշոր մրցաշարերը հետաձգվեցին, ֆուտբոլը նույնպես տուժեց: Ֆուտբոլը դիմակներով, հանդիսատես չկա... Սպորտն առանց հանդիսատեսի ո՞ւմ է պետք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով