21:47  ,  20 մայիսի, 2020

«Աթլետիկի» լեգենդար հարձակվողն ավարտեց կարիերան (ֆոտո)

Բիլբաոյի «Աթլետիկի» լեգենդար հարձակվող, Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, 39-ամյա Արից Ադուրիսը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

Նրա պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը, սակայն ֆուտբոլիստն ազդրի վնասվածք ունի եւ հնարավորություն չի ունենա մարզվել։

«Եկել է ժամանակը։ Բազմիցս ասել եմ, որ ֆուտբոլը քեզնից հեռանում է նախքան ֆուտբոլից քո հեռանալը։ Երեկ բժիշկներն ասացին, որ վիրահատության անհրաժեշտություն կա։ Պրոթեզավորումը թույլ կտա ապրել նորմալ կյանքով, բայց առանց ֆուտբոլի։

Ցավոք, իմ մարմինն ասում է, որ պետք է ավարտել։ Ես չեմ կարողանա օգնել ակումբակիցներիս այնպես, ինչպես կցանկանայի։ Այսպիսին է պրոֆեսիոնալ մարզիկի կյանքը։

Այսպես է ավարտվում սկզբից մինչեւ վերջ անմոռանալի եւ հրաշալի ճանապարհս ֆուտբոլում։ Սրտանց շնորհակալ եմ բոլորին։ Մենք դեռ կունենանք միմյանց հրաժեշտ տալու ժամանակ»,- Թվիթերում գրել է Ադուրիսը։ 

Այս մրցաշրջանում Ադուրիսը կրկնել էր «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը՝ 15 մրցաշրջան անընդմեջ գոլ խփելով Իսպանիայի առաջնությունում։

Ադուրիցը «Աթլետիկում» հանդես է եկել 2002-2003-ին եւ 2012-ից մինչեւ հիմա։ Բիլբաոյի թիմում նա անցկացրել է 405 հանդիպում՝ խփելով 172 գոլ։ Նա հանդես եկել է նաեւ «Բուրգոսում», «Վալյադոլիդում», «Մալյորկայում» եւ «Վալենսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում