19:49  +04,  20 մայիսի, 2020

Էդուարդ Սահակյան․ Դժվար չէ հենց այս պահից էլ հավաք կազմակերպել, բայց ռիսկային է

Չենք կարող ռիսկի գնալ եւ գորգային մարզումներ անել: Ըմբիշների դեպքում դիմակներով, ձեռնոցներով մարզումն անհնար է: Շարունակում ենք բացօթյա մարզումները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Կորոնավիրուսի պանդեմիայիով պայմամանավորված մեկամյսա հարկադրված պարապուրդից հետո հայ մարզիկները վերադարձել են բնականոն մարզումների: Պարետատան թույլտվությամբ տարբեր մարզաձեւերի հավաքականներ մարզումներն արդեն կազմակերպում են մարզադահլիճներում՝ պահպանելով վարակի տարածումը կանխող միջոցները:

Մարզադահլիճային մարզումներին դեռեւս չեն վերադառնում ըմբիշները: Նրանք շարունակում են բացօթյա մարզումները, քանի որ գորգ դուրս գալ դեռեւս հնարավոր չէ:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի խոսքով հնարավոր չէ գորգի մարզումներ անել եւ զերծ մնալ վարակի տարածումից, քանի որ ըմբիշների պարագայում կոնտակտը շատ է, ռիսկը մեծ:

Պարոն Սահակյան, ինչպե՞ս են կազմակերպվում ըմբիշների մարզումները եւ մինչեւ ե՞րբ հավաքականը չի մարզվի դահլիճում:

Այս պահին դեռեւս անորոշության մեջ ենք: Հունիսի 6-ին նախատեսվում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) ժողովը, որի ընթացքում հայտնի կդառնան մեր հետագա անելիքները, կհստակեցվեն մրցումների անցկացման ժամկետները: Մինչ այդ ոչինչ անել չենք կարող: Երբ արդեն հայտնի կդառնա թե երբ, ինչ մրցաշարեր են լինելու, նոր կկազմակերպենք հավաքներ եւ կվերսկսենք մեր աշխատանքը:

Այս պահին թիմի տղաները կղզիացած մարզվում են, վերահսկում ենք այդ մարզումները, մշտական կապի մեջ ենք: Այսքան սպասել ենք, երկու շաբաթ էլ կսպասենք, որպեսզի որոշակիություն լինի, թե ինչպես ենք կազմակերպելու մեր հետագա աշխատանքները:

Եթե UWW-ն նորից չհետաձգի մրցաշարերը, ժամկետներ որոշվեն, մենք ըստ դրա արդեն կհասկանանք ինչպես ենք սկսում եւ ինչպես կարող ենք հավաքներ անել:

Դժվար չէ մեզ համար հենց այս պահից էլ հավաք կազմակերպել, բայց, իրոք, ռիսկային է: Անմիջապես կոնտակտային է մեր մարզաձեւը եւ վարակ հայտնվելու դեպքում ուղղակի անհնար կլինի ամբողջ թիմին պաշտպանել վարակվելուց: Դիմակով եւ ձեռնոցներով անհնար է ըմբշամարտել:

Տղաները տեղերում են մարզվում, հիմնականում բացօթյա եւ անհատական մարզումների շնորհիվ: Պահպանում ենք պարետի ցուցումները՝ փոքր խմբերով ենք հավաքվում:

Իսկ եթե UWW-ն նշանակի մրցաշարերի ժամկետները, ինչպե՞ս եք անելու հավաքները:

Ես էլ չեմ պատկերացնում: Պարետի ցուցումներով՝ դիմակներն ու ձեռնոցները մեզ համար չեն: Գուցե  կարողանանք այլընտրանք գտնել՝ սկզբում զուտ ֆիզիկականի վրա աշխատենք, արագաուժային վարժություններ անենք: Անկեղծ՝ չգիտեմ: Ամեն ինչ կախված է հունիսի 6-ի ժողովից:

Եթե այնպես ստացվի, որ մրցաշարեր նշանակվեն, կդիմենք պարետատանը, նախարարությունն ու ֆեդերացիան ըստ պահանջի կդիմեն, թույլտվություն կստանանք եւ ճիշտ լուծում կգտնենք:

Իսկ այս ընթացքում ըմբիշները կարողացե՞լ են պահպանել որոշակի մարզավիճակ, թե ամեն դեպքում պետք է սկսեք զրոյից:

Ոչ, զրոյից չենք սկսելու, ունենք բազա: Մեր տղաները պրոֆեսիոնալ են եւ կարողացել են պահպանել իրենց մարզավիճակը: Ես չեմ ասում՝ մենք հիմա լավ վիճակում ենք. բայց երբ վերսկսենք մարզադահլիճային մարզումները, գորգային աշխատանքն ավելացնելով՝ աստիճանաբար կգանք լավ մարզավիճակի: Մենք կարող ենք կարճ ժամանակում հավաքել մարզավիճակ: Կարեւորն այն է, որ զրոյից չենք սկսելու: Ուշ թե շուտ այս ամենը կանցնի եւ կյանքը կվերադառնա իր բնականոն հունին: Լավատես ենք եւ հավատում ենք, որ մենք նոր ուժով կմտնենք պայքարի մեջ:

Օլիմպիական խաղերի հետաձգումը մեկ տարով ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի հավաքականի համար:

Բացասական հետեւանքներ չի ունենա, չեմ տեսնում բացասական ազդեցություն: Մենք կաշխատենք եւ նույն ձեւով կմտնենք պայքարի մեջ, կպահպանենք ուժեղագույն հավաքականներից մեկը լինելու մեր կարգավիճակը:

Այո, այս վիճակում ենք այժմ, անորոշության մեջ, օլիմպիական չեմպիոնը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները բավարարվում են բացօթյա մարզումներով: Բայց մի օր ամեն ինչ կավարտի, ողբերգություն չենք սարքում: Կաշխատենք եւ կվերականգնվենք: Ճիշտ է՝ ամեն ինչ ձգձգվեց, ինչը գուցե ազդի տղաների հոգեբանության վրա, բայց ամեն դեպքում այս վիճակը բոլորի համար է: Կարեւորն այն է, որ կորոնավիրուսը շուտ անցնի եւ ամեն ինչ բարեհաջող ավարտվի բոլորիս համար:

Եթե վիրուսը չնահանջի, չի բացառվում, որ Օլիմպիական խաղեր չեղարկեն: Պետք է հարմարվենք, ինչ պետք է՝ կանենք, նույնիսկ եթե անհրաժեշտություն լինի «սկաֆանդրով» էլ կմարզվենք, միայն թե այս հիվանդությունը շուտ անցնի, բոլորս առողջ լինենք:

Մեկ տարի անց հավաքականում կլինե՞ն փոփոխություններ, կա՞ն տղաներ, որոնց գուցե այլեւս չտեսնենք հավաքականում:

Անուններ կդժարանամ տալ: Գուցե լինեն տղաներ, որոնց վրա այս մեկ տարին ադրադառնա՝ տարիքով պայմանավորված: Բայց հակառակ ազդեցությունն էլ կարող է թողնել կորոնավիրուսը եւ մեկ տարի Խաղերի հետաձգումը: Այս ընթացքում երիտասարդները կհասունանան, կմեծանան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ