17:11  ,  20 մայիսի, 2020

Արթուր Ավետիսյանը վիրահատվել է, մարզադահլիճ կվերադառնա աշնանը

Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ուսի վիրահատության է ենթարկվել: Ամեն ինչ անցել է բարեհաջող: 6 ամսից կվերադառնա մարզադահլիճ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Օգտվելով այս շրջանից եւ այն փաստից, որ առաջիկայում նշանակված մրցաշարեր չունենք, որոշեցինք Արթուր Ավետիսյանի ուսի վնասվածքը վերջնական վիրահատել: Բուժող բժշկի հետ անձամբ խոսեցի, այնպիսի իրավիճակ էր Ավետիսյանի մոտ, որ մեծ վտանգ չկար: Ըստ բժշկի, եթե հետագայում այլեւս չէր մարզվելու, մարմնամարզությամբ չէր շարունակելու, կարող էր նաեւ չվիրահատվել: Բայց քանի որ նա մեր հեռանկարային մարզիկներից է, նրա հետ դեռ շատ ծրագրեր ունենք, քննարկեցինք, հասկացանք, որ անպայման պետք է վիրահատվի: Խնդիրը ուսի ջլի եւ մկանային համակարգի կտրվածքն է, խանգարումը:

Վիրահատությունը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Այդ վնասվածքը մարզիկին շատ էր խանգարում օղակների վրա: Վիրահատական միջամտությունն անխուսափելի էր: Ուսի մկանների կտրվածքը օղակների վարժության մասնագետների մոտ է հիմնականում հանդիպում: Լրիվ նույն վիրահատությունը մեկ ամիս առաջ անցավ նաեւ Արթուր Թովմասյանը:

6 ամիս անց Ավետիսյանը կվեսրսկի մարզումները: Միասին հաշվեցինք ու հասկացանք, որ կհասցնի վերականգնվել եւ մասնակցել հաջորդ տարվա կարեւոր մրցաշարերին: Բայց անձամբ իմ նպատակը Արթուր Ավետիսյանի հետ կապված 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերն են: Եթե խնդիրներ չլինեն, մեծ է հավանականությունը, որ Արթուրը Փարիզում կնվաճի օլիմպիական մեդալ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինից հետո վերսկսել է մարզումները մարզադահլիճում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում