22:15  +04,  17 մայիսի, 2020

Վահան Ադիլխանյան․ Պրոֆեսիոնալ մարզիկների համար այս դադարը բարդ հետեւանքներ կունենա

Երբ պարետատունը թույլ տվեց պրոֆեսիոնալ մարզիկներին մարզվել, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզումները չվերսկսվեցին, քանի որ տրանսպորտի խնդիր կար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը (ՀԲՖ), որը խոսել է թիմի մարզումները չվերսկսելու պատճառների, առաջիկա ծրագրերի եւ Հովհաննես Բաչկովի առողջական վիճակի մասին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկամսյա հարկադրված պարապուրդից հետո հայկական մարզաշխարհը մայիսի 4-ից վերադարձել է բնականոն մարզումների: Պարետի թույլտվությամբ պրոֆեսիոնալ մարզիկները սկսեցին մարզվել՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող պահանջները:

Առաջինը մարզումները սկսեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը, ապա ծանրամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքի գնաց Աբովյանի մարզաբազա: Հենակետային մարզաձեւերից ըմբշամարտն ու բռնցքամարտը չվերսկսեցին հավաքակաների մարզումները: Ըմբիշները բավարարվում են տնային եւ բացօթյա մարզումներով, բռնցքամարտիկներն էլ՝ անհատական մարզումներով:

Պարոն Ադիլխանյան, ինչո՞ւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը չի վերսկսել մարզումները, ի՞նչն է պատճառը:

Հայաստանի ազգային հավաքականը չի սկսել մարզումները, որովհետեւ տղաների մեծ մասը, որոնք բնակվում են Երեւանի ծայրամասերում, չէին կարողանում հաճախել մարզումների տրանսպորտի բացակայության պատճառով: Շատերը զանգում էին եւ ասում, որ չեն կարողանում գալ, հասնել մարզման վայր: Հասկանում ենք, որ այս դժվար իրավիճակում մարդիկ չեն աշխատում, շատերը գումար չունեն, օրական 2-3 հազար դրամ տաքսիներին տալը մեծ խնդիր էր: Սա է հիմնական պատճառը, որ կորցրինք այսքան ժամանակ:

Էջմիածնում եւս ունենք մի քանի տղաներ, որոնք չէին կարողանում գալ, որովհետեւ տրանսպորտն ամբողջովին պարալիզացված էր: Օրինակ՝ Էջմիածնի տղաները մարզումներին մասնակցելու համար օրական պետք է 5 հազար դրամ տաքսիներին տային: Մարդիկ չունեն, չեն կարողանում գալ:

Մայիսի 18-ից, երբ վերականգնվի տրանսպորտի աշխատանքը, հավաքականը կվերսկսի մարզումները, Երեւանում եւ մոտ մարզերում բնակվող բռնցքամարտիկները կհաճախեն մարզումներին:

Ինչ վերաբերում է մեր գյումրեցի բռնցքամարտիկներին՝ Եվրոպայի չեմպիոններ Հովհաննես Բաչկովին, Արթուր Հովհաննիսյանին եւ մյուսներին, նրանք մարզվում են իրենց անձնական մարզիչների մոտ: Տղաները աշխատում են, պատրաստվում են, տնային մարզումներից դուրս են եկել, այժմ մարզադահլիճային մարզումներ են անցկացնում:

ԱԻԲԱ-ի օրացուցային պլանը ե՞րբ կհաստատվի: Մարզումները վերսկսելուն պես ինչի՞ն կպատրաստվի ազգային հավաքականը:

Հիմա ամեն ինչ անորոշ է: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլինի, ինչպես կդասավորվի: Պետք է սպասենք, մինչեւ հաստատվեն միջազգային մրցաշարերի անցկացման ժամկետները. Դրանք են 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, վարկանիշային մրցաշարերը, որոնցից մեկը Լոնդոնում չավարտվեց: Լոնդոնի մրցաշարը կիսատ մնաց: Թե որտեղ եւ երբ պետք է շարունակվի կիսատ մնացած մրցաշարը, նույնպես հայտնի չէ: Փարիզի վարկանիշային մրցաշարը նույնպես հայտնի չէ՝ երբ կլինի: Հուսանք՝ մինչեւ այս տարվա վերջ ամեն ինչ պարզ կլինի:

Կարծում եմ՝ այս ամենը դրական ազդեցություն չի ունենա սպորտի, բռնցքամարտի վրա: Պրոֆեսիոնալ մարզիկների համար այս դադարը բարդ հետեւանքներ կունենա: Հուսամ՝ քրտնաջան աշխատանքով կկարողանանք հետ բերել կորցրածը:

Տոկիո-2020-ի հետաձգումը մեկ տարով ի՞նչ հետեւանքներ կունենա:

Լավ չէր, որ հետաձգվեցին Խաղերը, քանի որ մեր տղաները պատրաստ էին վարկանիշային մրցաշարերին եւ օլիմպիական ուղեգրերի մեծ հավակնություններ ունեինք, ինչպես նաեւ մեդալային սպասելիքներ այս Օլիմպիական խաղերից:  Բայց մարդկային կյանքերի, առողջության տեսանկյունից լավ էր, որ հետաձգվեց: Բոլորս էլ հասկանում ենք, որ հետաձգումը անխուսափելի էր: Ինձ համար մեր տղաների առողջությունն ավելի կարեւոր է: Հետագայում, կարծում եմ, մրցաշարերը կշարունակվեն եւ նրանք վարկանիշ ձեռք կբերեն:

Ի դեպ, հայ մարզիկներից միայն Հովհաննես Բաչկովի մոտ կորոնավիրուս հաստատվեց, նա բուժվեց եւ վերադարձավ տուն: Ինչպե՞ս է այժմ իրեն զգում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը եւ ի՞նչ ծրագրով է այս ընթացքում մարզվում:

Խոսել եմ Հովհաննեսի հետ, ինքս եմ նրա հետ կապ հաստատել, հետաքրքրվել նրա առողջությունից: Ասել է, որ լավ է, ամեն ինչ անցյալում է, լավ է իրեն զգում: Հովհաննեսը լավ անձնավորություն է, լավ մարդ, լավ մարզիկ: Նա մեր թիմի լիդերն է, մեր լավագույն բռնցքամարտիկը: Կարող եմ ասել, որ նա այս փորձությունն էլ հաղթահարեց, այս վիրուսին էլ հաղթեց, երկու տարի անընդմեջ հաղթեց Եվրոպայում, վստահ եմ, որ կհաղթի նաեւ Օլիմպիական խաղերում:  Բաչկովը մեր իրական հույսերից մեկն է լինելու Տոկիո-2020-ում: Նա պետք է օլիմպիական մեդալ նվաճի, արդեն հասունացել է նրա ժամանակը, արժանի է օլիմպիական մեդալի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ