10:10  ,  13 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». «Լոս Անջելես Գելաքսիի» հայ սանը (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

18-ամյա հարձակվող Դարոն Իսկենդերյանը հանդիսանում է ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսի» ակումբի սան:

«Մեր ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1977 թվականին: Դարոնը ծնվել է 2002 թվականի մարտի 19-ին Լոս Անջելեսում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ֆուտբոլիստի հայրը՝ Ջոնի Իսկենդերյանը:

«Իմ որդին սկսել է ֆուտբոլով զբաղվել 6 տարեկանից, խաղում է հարձակվողի և «10 համարի» դիրքերում: 13 տարեկանում Դարոնին նկատեցին «Լոս Անջելես Գելաքսիի» սկաուտները և հրավիրեցին ակումբի ակադեմիա, որտեղ նա անցկացրեց 4 տարի՝ հանդես գալով Մ-14, Մ-15, Մ-16 և Մ-17 տարեկանների թիմերում:

Դարոնը 2 անգամ հրավեր է ստացել ԱՄՆ-ի Մ-15 տարեկանների պատանեկան հավաքականից:

Նախորդ տարի իմ որդուն փորձաշրջանի հրավիրեց կատալոնական CF Gavà ակումբը: Չնայած Դարոնը 17 տարեկան էր, նա 1 տարի անցկացրեց Մ-19 տարեկանների պատանեկան թիմում:

ԱՄՆ վերադառնալուց հետո Դարոնը համալրեց «Լոս Անջելես Գելաքսիի» Մ-19 տարեկանների թիմի կազմը, այնուհետև տեղափոխվեց Real So Cal ակումբ: Այժմ նա առաջարկներ ունի իսպանական Պրիմերայի ակումբներից և ամերիկյան քոլեջներից, սակայն իմ որդու նպատակը կարիերան Եվրոպայում շարունակելն է:

Դարոնի կուռքը հանդիսանում է Մխիթարյանը: Հենրիխը նրան փոխանցել է մի քանի հետաքրքիր և մոտիվացիոն գրքեր: Մխիթարյանի հետքերով առաջ շարժվելը յուրաքանչյուր պատանի հայ ֆուտբոլիստի երազանքն է:

Դարոնը հանդես է եկել Հայաստանի Մ-15, Մ-16 և Մ-17 տարեկանների թիմերում: Նախորդ տարի նա հրավեր էր ստացել Հայաստանի Մ-18 տարեկանների պատանեկան հավաքականից, սակայն, ցավոք, վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ թիմին:

Դարոնը մեծ ցանկություն ունի Հայաստանը ներկայացնել միջազգային մրցասպարեզում, ցույց տալ՝ ովքեր են հայերը և հայ ֆուտբոլիստները: Նա աննկարագրելի հպարտությամբ է կրում մեր հայրենիքի հավաքականների խաղաշապիկները: Դա մեծ պատիվ է մեր ընտանիքի համար»,- նշել է Ջոնի Իսկենդերյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով