Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը հարցազրույց է տվել կատալոնական Sport.es պարբերականին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցի այն հատվածը, որում Կապարոսը պատմել է Հայաստան կարճաժամկետ այցի և ազգային հավաքականի ղեկին իր նպատակների մասին:
«Իմ առաջին այցը Հայաստան կարճատև էր, բայց հագեցած: Կորոնավիրուսի պատճառով ստիպված էի վերադառնալ Իսպանիա: Հայաստանում ես հանդիպել եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և իմ ուսուցիչ ու լավ ընկեր Խինես Մելենդեսի հետ: Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ կանցնեմ իմ պարտականությունների կատարմանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անձնակազմը լավ տպավորություն թողեց ինձ վրա: Հավաքականը մարզվում է ֆուտբոլային ակադեմիայում, որտեղ կա շուրջ 10 խաղադաշտ և պարզապես հիանալի ենթակառուցվածքներ:
Ցանկանում եմ օգնել Հայաստանին քայլ առաջ կատարել ֆուտբոլում: Ես թիմ կառուցելու փորձ ունեմ և ուրախ եմ, որ պետք է այս ճանապարհն անցնեմ Հայաստանի հավաքականի հետ:
Մեր գլխավոր նպատակը 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելն է: Սա մեր խնդիրն է, և այն լուծելու համար պետք է շատ աշխատենք:
Հարկադիր դադարի ընթացքում, իմ օգնականների հետ միասին, մենք արդեն հավաքել ենք հավաքականի բոլոր խաղացողների և ազգային թիմի թեկնածուների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Առաջնությունների վերսկսումից հետո մենք նախատեսում ենք մարզադաշտից հետևել ֆուտբոլիստների մրցելույթներին»,- նշել է Կապարոսը:
Թարգմանեց Սամվել Սուքիասյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում