15:02  ,  4 մայիսի, 2020

Մայիսի 4-ից թույլատրվում են հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։ Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Թույլատրվել է սպորտային օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար, նաև սպորտային ակումբների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով:

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում