11:11  ,  2 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ պաշտպանը հունական ԱԵԿ-ից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Հունական ԱԵԿ-ի Մ-17 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 16-ամյա հայ պաշտպան Վասիլիս Գրիգորյանը:

«Վասիլիսը ծնվել է հունական Քսանտի քաղաքում 2003 թվականի սեպտեմբերին, խաղում է աջ պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում: Նրա հիմնական առավելություններն են արագությունն ու տեխնիկան»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Արա Գրիգորյանը:

«Իմ որդին սկսել է ֆուտբոլով զբաղվել 6 տարեկանից Orfeas Xanthis դպրոցում: 1 տարի անց նա տեղափոխվել է Apollon Xanthis, որտեղ անցկացրել է 7 տարի, որից 2-ը՝ հիմնական թիմի կազմում: 

Վասիլիսը հանդես է եկել Քսանտիի իր տարիքային խմբի հավաքականում, եղել է թիմի ավագը: Քսանտիի հավաքականում նրան նկատել են ԱԵԿ-ի սկաուտները, ինչի արդյունքում 2019 թվականի ամռանն իմ որդին տեղափոխվել է անվանի ակումբի ակադեմիա:

ԱԵԿ-ի ակադեմիան լավագույններից մեկն է Հունաստանում, Վասիլիսը հանդես է գալիս Մ-17 տարեկանների թիմում:

Նախորդ տարի Վասիլիսը հրավեր էր ստացել Հայաստանի պատանեկան հավաքականից, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել միանալ թիմին: Մեզ համար մեծ պատիվ կլիներ կրկին հրավեր ստանալ մեր հայրենիքի հավաքականներից»,- նշել է Արա Գրիգորյանը:

Սամվել Սուքիասյան

Միացե՜ք NEWS.am Sport-ի Instagram-ի պաշտոնական էջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով