16:11  +04,  27 ապրիլի, 2020

Դանիան կարող է հրաժարվել Եվրո-2020-ի հանդիպումներն ընդունելուց

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունող 12 երկրներից մեկը՝ Դանիան, հնարավոր է, հրաժարվի առաջնության հանդիպումներն ընդունելուց, հայտարարել է Դանիայի ֆուտբոլային միության նախագահը:

«Ես մտահոգված եմ, որ մենք, հնարավոր է, չկարողանանք Կոպենհագենում ընդունել Եվրոպայի առաջնության հանդիպումները: Այս պահին դրա հավանականությունը 50 տոկոս է: 

Կան որոշ խնդիրներ, որոնք շտապ լուծում են պահանջում: Միայն այդ խնդիրները լուծելուց հետո մենք կարող ենք վստահ լինել, որ Կոպենհագենը կընդունի Եվրո-2020-ի հանդիպումները»,- Դանիայի ֆուտբոլային միության նախագահ Յեսպեր Մելերի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Նշենք, որ 2021 թվականի ամռանը Կոպենհագենում նախատեսված է անցկացնել «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի 3 փուլ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 1 տարով հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը Եվրոպայի 12 քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս