11:11  ,  27 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Ֆրանսիական «Նանտի» հայ ռմբարկուն (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Ֆրանսիական «Նանտի» Մ-19 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 18-ամյա հայ ռմբարկու Գոռ Մանվելյանը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված Ֆրանսիայի Մ-19 տարեկանների առաջնությունում հայ ֆուտբոլիստը դարձել է 17 գոլի և 9 ասիստի հեղինակ՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է տաղանդավոր ֆուտբոլիստի գործակալ Գրեգորի Մարդյանի հետ: Ներկայացնում ենք նաև «Նանտի» պաշտոնական կայքում Գոռ Մանվելյանի մասին հրապարակված հոդվածից հատվածներ:

«Ծնվել եմ 2002 թվականին Ստեփանակերտում: Կարիերայիս ֆրանսիական փուլը սկսել եմ FC Saint-Lô Manche-ի պատանեկան թիմում, այնուհետև տեղափոխվել US Granville: Ես միշտ օրինակ էի վերցնում իմ ավագ եղբորից, որը ևս ֆուտբոլ էր խաղում: Ազատ ժամանակ նա միշտ մարզում էր ինձ:

Հանդիպումներից մեկից հետո ես տեսա, թե ինչպես է իմ եղբայրը շփվում մի անծանոթի հետ: Ինչպես պարզվեց հետագայում, նա սկաուտ էր: Ծնողներս ինձ ասացին, որ իմ ծառայություններով հետաքրքրված է «Նանտը», և ես, առանց վարանելու, որոշեցի տեղափոխվել: Դա ինձ համար մեծ մարտահրավեր էր, որից ես ցանկանում էի օգտվել: 

Իմ ընտանիքն իմ ամեն ինչն է: Նրանք գալիս են իմ բոլոր հանդիպումներին: Շփվում ենք ամեն օր: Ընտանիքիս հետ ամուր կապն ինձ ավելի ուժեղ է դարձնում»,- նշել է Գոռ Մանվելյանը «Նանտի» մամուլի ծառայության հետ զրույցում:

ՍՈւՊԵՐՄՐՑԱՇՐՋԱՆ ՖՐԱՆՍԻԱՅՈւՄ Եւ ՀՐԱՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ

«Փլեյմեյքերի և հետ քաշված հարձակվողի դիրքերում հանդես եկող Գոռը, որը կրում է 10 համարի մարզաշապիկը, նախորդ մրցաշրջանում «Նանտի» կազմում դարձել է Ֆրանսիայի Մ-17 տարեկանների առաջնության չեմպիոն:

Այս մրցաշրջանում «Բորդոյի» և «Նանտի» նախկին ֆուտբոլիստ Ստեֆան Զիանիի գլխավորությամբ նա լիովին բացահայտեց իր ներուժը՝ դառնալով Մ-19 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու: Առաջնությանը մասնակցում է 56 թիմ՝ ընդգրկված 4 խմբում: Գոռը 19 խաղում դարձել է 17 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 4 խաղում Մանվելյանը խփել է 5 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում: Ցավոք, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանը դադարեցվեց:

Փետրվարի վերջին/մարտի սկզբին մենք կապի մեջ էինք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով Գոռին ներգրավել Հայաստանի պատանեկան հավաքականի հաջորդ հավաքին, բայց այստեղ ևս միջամտեց կորոնավիրուսը, ինչի պատճառով հավաքը չեղարկվեց»,- նշել է ֆուտբոլիստի գործակալ Գրեգորի Մարդյանը:

MADE IN FC NANTES

Հենց այսպես է վերնագրված «Նանտի» պաշտոնական կայքում Գոռ Մանվելյանի մասին հոդվածը, որի ներածական մասում հայ ֆուտբոլիստը նկարագրվում է հետևյալ կերպ. «Գոռ Մանվելյանը Ստեֆան Զիանիի թիմի կարևոր մասնիկն է: Նա տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է, որը կարողանում է «կարդալ» խաղը և լավ է տեսնում խաղադաշտը»:

Մենք էլ հույս ունենք, որ շատ շուտով Գոռն իր գոլերով կուրախացնի հայ երկրպագուներին՝ պաշտպանելով մեր եռագույնի պատիվը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով