11:11  ,  25 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ կիսապաշտպանը՝ Ֆրանսիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:

Ֆրանսիական La Valette du Var ակումբի ակադեմիայում հանդես է գալիս 13-ամյա հայ կիսապաշտպան Ալբերտ Մանուկյանը:

«Մանուկյանների ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել 2005 թվականին: 1 տարի անց ծնվել է Ալբերտը»,- NEWS.am Sport-ի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հորեղբայրը՝ Վանիկ Մանուկյանը:

«Ալբերտը ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից: Այս տարիների ընթացքում նա Ֆրանսիայում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել պատանեկան մակարդակում, ընդգրկվել է տարածաշրջանի լավագույն 10 ֆուտբոլիստների թվում, ինչից հետո նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել «Մարսելը», «Նիցան» և «Լիոնը»:

Իմ եղբորորդին տիրապետում է հուժկու հարվածների և հիանալի տեխնիկայի: Նախորդ տարի նրա թիմը դուրս եկավ Մոնպելյեում կայացած մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Բարսելոնային»: Մրցաշարին մասնակցում էին նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Բավարիայի», «Լիոնի» և «Ռեալի» պատանեկան թիմերը:

Ալբերտը հաճախ է լինում հայրենիքում: Նախորդ տարի նա Երևանում մասնակցեց Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքականի հավաքին: Նրա երազանքն է՝ մի օր համալրել իր հայրենիքի ազգային հավաքականի կազմը»,- նշել է Վանիկ Մանուկյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով