09:48  ,  24 ապրիլի, 2020

Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյան․ Կարանտինից հետո էլ մեր թիմը ԵԱ-ում հավասարը չի ունենա

Բոլորիս համար էլ դժվար է այսքան մնալ տանը, մեկուսանալ արտաքին աշխարհից, բայց պետք է հասկանանք, որ ամենն արվում է մեր ընտանքիների, ազգի ու բոլորիս ապագայի համար: Կորոնավիրուսն ու դրանով պայմանավորված կարանտինը բոլորիս հնարավորություն տվեց մտածել, վերլուծել եւ ընտանիքի հետ ժամանակ անցկացնել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Հայաստանի հավաքականի 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը, որը 2019 թվականի հայկական մարզաշխարհի բացահայտումներից մեկն էր: Նախաօլիմպիական տարում երիտասարդ ծանրորդը նախ փայլեց Եվրոպայի առաջնության մրցահարթակում, Մ23 Եվրոպայի առաջնությունում, տարբեր միջազգային մրցաշարերում: Մեծահասակների աշխարհի առաջնությունում էլ բավարարվեց մեկ փոքր բրոնզե մեդալով:

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի վարկանիշների մրցապայքարում Գասպարյանը չկար, քանի որ ոչ օլիմպիական քաշային կարգում էր: Բայց հետաձգված Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոնը ոսկե մեդալի հավակնություններ ուներ: Այժմ ծանրորդը մարզվում է ավտոտնակում՝ պահպանելով մարզումային խիստ գրաֆիկը եւ պատրաստվում հետաձգված Եվրոպայի առաջնությանը, որը նախնական տվյալներով տեղի է ունենալու հոկտեմբերին:

Սամվել, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Օրերս շատ խիստ պայմաններում եմ անցկացնում. ամբողջ օրը տանը: Մարզվում եմ ավտոտնակում: Փորձում եմ մարզավիճակս պահպանել: Մեր մարզաձեւն այնպես է, որ մեկ շաբաթ չմարզվես, մարզավիճակ կկորցնես, հետո շատ դժվար կվերականգնվես:

Ամենօրյա ռեժիմով եմ մարզվում՝ ինչպես հավաքների ժամանակ ենք անում: Տարբերությունն այն  է, որ կիլոգրամներս մի քիչ փոխված են, ծանրաբեռնվածությունս եմ թեթեւացրել: Ֆիզիկական պատրաստվածության վրա եմ աշխատում: Անում եմ նաեւ տեխնիկական վարժություններ:

Իսկ առօրյայում ռեժիմս նույնն է, մշտապես տանն ենք: Մինչեւ կարանտինը, մենք հավաքի էինք: Հենց հայտարարեցին կարանտին, բոլորս մեկուսացանք տներում:

Մինչեւ կարանտինը, շատ ուժեղ էի պատրաստվել այս տարվա Եվրոպայի առաջնությանը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 4-14-ը Մոսկվայում: Այն կիլոգրամներն էի անում մարզումների ընթացքում, որով նախորդ տարի Բաթումում մեդալ նվաճեցի:

Միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով էի գնալու Եվրոպայի առաջնություն: 2019 թվականի առաջնությունում նպատակս լրիվ ուրիշ էր, իսկ այս տարի միայն հաղթելու նպատակ էր ու կլինի: Կարանտինից առաջ արդեն 180-185 պոկում էի մոտենում, 210 կգ-ով էլ հրում էի անում:

Մարզումներս կազմակերպում եմ իմ անձնական մարզիչի հետ: Մշտական կապի մեջ եմ նաեւ հավաքականի մարզիչների հետ: Մենք մեր ծրագրերից հետ չենք մնում, մինչեւ տեսնենք, թե երբ կվերսկսենք մարզումները: Եթե նույնիսկ հիմա լինեն մրցումները, ինչպես ես, այնպես էլ ամբողջ թիմը պատրաստ է մրցահարթակ դուրս գալուն:

Հուսամ՝ այս կարանտինն իր դրական ազդեցությունն էլ կունենա մեր հավաքականի վրա: Ավելի ուժեղացած կմոտենանք Եվրոպայի առաջնությանը: Այս տարի յուրահատուկ էինք պատրաստվել, ամբողջ թիմը մեկնելու էր մրցման միայն հաղթելու նպատակով:

Համոզված եմ, որ կարանտինից հետո էլ մեր թիմը Եվրոպայի առաջնությունում հավասարը չի ունենա

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին: Հետեւո՞ւմ ես #մնատանը հորդորին:

Միանշանակ հետեւում եմ տանը մնալու հորդորին: Ինքս խորհուրդ եմ տալիս մնալ տանը, հետեւել բոլոր կանոններին, քանի որ մենք դա անում ենք ոչ միայն մեր, այլեւ մեր ընտանիքի անդամների, հարազատների համար:

Դժվարությունն էլ հենց դա է՝ տանը մնալը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար էլ դրանից դժվար բան չի կարող լինել տանը մեկուսացված լինելը, արտաքին աշխարհից կտրված լինելը:

Տանից դուրս եմ գալիս խիստ անհրաժեշտության դեպքում: Դիմակ, ձեռնոց չեմ կրում, բայց ձեւաթուղթ լրացնում եմ: Մի քանի անգամ ոստիկանները մոտեցել են, ստուգել են: Տանից դուրս եմ գալիս պատրաստված: Հասկանում եմ, որ դա նրանց աշխատանքն է եւ արվում է միայն մեր անվտանգության եւ առողջության համար:

Ինչպե՞ս կնկարագրես աշխարհում ստեղծված այս իրավիճակը:

Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել աշխարհում: Ստեղծվեց մի իրավիճակ, որ բոլորիս հնարավորություն եւ ժամանակ տվեց մտածելու մեր կյանքի, մեր ընտանիքի, հարազատների, ինչ-ինչ մանրուքների մասին: Համոզված եմ, որ այս ընթացքում յուրաքանչյուրս սկսեցինք ուշադրություն դարձնել այնպիսի մանրուքների, որոնք նախկինում չէինք էլ նկատում: Ստեղծվել է նաեւ ազատ ժամանակ, որ ավելի շատ ուշադրություն եւ ժամանակ տրամադրենք մեր ընտանիքներին: Այս առումով հատկապես օգտվում ենք մենք՝ մարզիկներս, ովքեր տարվա մեծ մասը ընտանիքից հեռու են՝ մարզումների, հավաքների, մրցումների: Մենք միշտ ընտանիքից կտրված ենք եղել: Հիմա առիթ է ստեղծվել տանը մնալ եւ տնեցիների հետ լավ, հիշարժան ժամանակ անցկացնել:

Մի քանի բառով եթե նկարագրեմ. սա հավասարազոր է 3-րդ համաշխարհային պատերազմի: Օլիմպիական խաղերը եթե հետաձգում են, ուրեմն ամեն ինչ ավելի քան վատ է:

Վախ ունե՞ս այս իրավիճակի հետ պայմանավորված:

Մտահոգություն ունեմ, որ կունենանք տնտեսական ճգնաժամ մեր երկրում: Մեր երկիրը, նախքան կորոնավիրուսի պանդեմիան, արդեն սկսել էր վերելք ապրել բոլոր առումներով: Եվ այս ամենին հակառակ սկսվեց պանդեմիան. ճգնաժամ հաստատ կլինի:

Իմ շրջապատում կան շատերը, որ արդեն տուժել են, աշխատանք են կորցրել, աշխատավարձերից զրկվել կարանտինի պատճառով: Այժմ շատերը հազիվ կարողանում են օրվա հացը ստեղծել, մինչեւ այս իրավիճակից երկիրը դուրս գա: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ եթե մարդ զրկվի աշխատավարձից, չի կարողանալու ոչ կոմունալ վճարումներն անել, ոչ իր ընտանիքի սնունդն ապահովել:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ, որ Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց: Ափսոս էր այն մարզավիճակը, տրամադրությունը, որ նախապատրաստվել էինք այս Եվրոպայի առաջնությանը:

Այս պահին միայն ափսոսում եմ Եվրոպայի առաջնության համար: Տոկիո-2020-ի համար ծրագրեր չունեի, քանի որ ոչ օլիմպիական քաշում եմ եւ բաց էի թողել մի քանի վարկանիշային մրցաշարեր: Ֆիզիկապես չէի հասցնի, բացի այդ չէի ցանկանում շտապել: Ծրագրել էի քաշս դարձնել օլիմպիական՝ ԵԱ-ից հետո: Այս Օլիմպիական խաղերը բաց կթողնեմ եւ կնախապատրաստվեմ Փարիզ-2024-ին:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ տանը:

Ազատ ժամանակ համակարգչային խաղերով եմ զբաղվում: Սկսել եմ գիրք կարդալ, եթե անկեղծ: Նախկինում չէի սիրում կարդալ, բայց այս կարանտինի ընթացքում մայրս մի քանի գիրք խորհուրդ տվեց եւ արդեն հասցրել եմ երկուսը կարդալ: 

3 ֆիլմը, որ խորհուրդ կտաս դիտել տանը այս օրերին:

Սիրում եմ սպորտային ֆիլմեր: Խորհուրդ կտամ դիտել՝

«Ձախլիկը» (2015) 

«Պելե. լեգենդի ծնունդը» (2016)   

«Լեգենդ №17» (2013)

Գի՞րք...

Ալեքսան Անտոնյան՝ «Արեւածաղիկները»: Այժմ կարդում եմ Անտոնին Զգորժի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքը, որը նույնպես շատ հետաքրքիր է եւ խորհուրդ կտամ կարդալ: 

#ՄնաՏանը...

Բոլորին հորդում եմ՝ մնան տանը, մարզվեն տան պայմաններում, պահպանեն կանոնները: Բոլորս պետք է գիտակցենք, որ այս ամենն անում ենք մեր, մեր ընտանիքի, մեր ազգի ու մեր ապագայի համար: Մենք հաղթող ազգ ենք եղել եւ, վստահ եմ, որ սա էլ կհաղթահարենք:

Շնորհակալություն...

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել մեր բժիշկներին եւ ոստիկաններին: Նրանք մեր այս օրերի հերոսներն են: 

Լուսինե Շահբազյան

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ