09:12  ,  21 ապրիլի, 2020

Արթուր Աբրահամ. Հետեւիր առողջությանդ, մնա տանը, զբաղվիր սպորտով եւ գրքեր կարդա (ֆոտո)

Ինձ թվում է՝ այս ամենը, կորոնավիրուսի պանդեմայի հետ կապված, ծրագրված գործ է. որոշ պետություններ կամ կազմակերպություններ ինչ-որ ծրագիր ունեն եւ շատ շուտով ամեն ինչ կպարզվի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Աշխարհի նախկին չեմպիոնը վերջին տարիներին մենամարտեր չի անցկացնում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին էլ պաշտոնական հայտարարություն դեռ չի արել:

Վերջին մենամարտը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 29-ին դանիացի Պատրիկ Նիլսենի հետ,  որտեղ Աբրահամը մրցավարների որոշմամբ հաղթել էր եւ նվաճել World Boxing Organisation International գոտին:

Արթուր Աբրահամն ապրում է Գերմանիայում, հաճախ լինում է Հայաստանում: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված աշխարհում տիրող արտակագ դրության այս օրերն անցկացնում է Գերմանիայում:

Արթուր, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ կարանտինային շրջանում: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Մարզվում եմ, աշխատանքային գործերով եմ զբաղված եւ տանն եմ, ինչպես բոլորը: Մարզումներս անցկացնում եմ մեր բռնցքամարտի ակումբում, վազում եմ, նաեւ գնում եմ ֆիթնես ակումբ: Հիմա առաջվա պես ծանրաբեռնված չեմ մարզվում, քանի որ չեմ պատրաստվում մենամարտի:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին: Հետեւո՞ւմ ես #ՄնաՏանը հորդորին:

Իհարկե, ես էլ, ինչպես բոլորը, կիսում եմ այս օրերի բոլոր դժվարությունները: Այս օրերին տարիքով մարդիկ պետք է շատ զգույշ լինեն, բայց եթե մարդիկ երիտասարդ եւ առողջ են, կարող են դիմակներով, ձեռնոցներով դուրս գալ, պահպանել սոցիալական հեռավորությունը, իմանալ՝ ում հետ են շփվում: Ես չեմ գնում մարդաշատ տեղեր, իրականում մարդաշատ վայրեր հիմա չկան էլ՝ ռեստորանները, բարերը, մարդաշատ վայրերը փակ են:

Ինչպե՞ս կնկարագրես աշխարհում ստեղծված այս իրավիճակը մի քանի բառով:

Ինձ թվում է՝ գուցե ծրագրած գործ է, որոշ պետություններ կամ կազմակերպություններ ինչ-որ ծրագիր ունեն, որը դեռ հայտնի չէ, բայց ինձ թվում է՝ մի օր դուրս կգա ջրի երես: Այսքան ժամանակ նման բան չկար, միանգամից վիրուս հայտնվեց... Սպասենք, կպարզվի:

Վախ ունե՞ս այս իրավիճակի հետ պայմանավորված:

Հիմա վախենում եմ ընտանիքիս անդամների առողջության համար, ուզում եմ, որ բոլորն առողջ լինեն:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Շատ բաներ կարող էի անել, որ չեմ արել: Դրանց համար եմ ափսոսում: Իհարկե, չենք կարող ժամանակը հետ վերադարձնել: Պետք է գոհ ու շնորհակալ լինենք այն ամենի համար, ինչ ունենք:

Ե՞րբ ես տեսնում բնականոն կյանքի վերականգնումն աշխարհում եւ Հայաստանում:

Կարծում եմ՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում այս իրավիճակը կկարգավորվի: Հիմա դեռ խառնաշփոթ է, կորոնավիրուսի դեմ դեռ դեղամիջոց չեն գտել, ինձ թվում է՝ շուտով մի դեղ կհայտնվի, որը կկարողանա լուծել այս խնդիրները:

Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը:

Լավ: Մեր բժիշկներն ունեն այնքան փորձ եւ գիտելիքներ, որ կարող են պրոֆեսիոնալ ձեւով պայքարել վիրուսի դեմ, ինչպես անում են Եվրոպայի բժիշկները:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ:

Ազատ ժամանակ շատ քիչ ունեմ, բայց երբ ազատ եմ լինում, շատ եմ սիրում երեխաներիս հետ զբաղվել, ընտանիքիս հետ լինել, տանը ճաշել: Կարճ ասած՝ ընտանեկան պայմաններում, ընտանիքիս հետ:

3 ֆիլմ, որ խորհուրդ կտաս դիտել այս օրերին տանը:

«Առաջին սիրո երգը» 

«Ոսկե ցլիկ» 

«Գլադիատոր» 

Գի՞րք...

Իմ կարդացած վերջին գիրքը խորհուրդ կտամ՝ Ռոմեն Ռոլանի «Հմայված հոգին»:

#ՄնաՏանը...

Խորհուրդ կտամ, որ ամեն մարդ հետեւի իր առողջությանը, տանը մնա, սպորտով զբաղվի, գրքեր կարդա, ընտանիքի հետ ժամանակ անցկացնի: Բայց ամենակարեւորը, կրկնում եմ, առողջությանը հետեւելն է, որ ուրիշներին էլ չվարակեն:

Շնորհակալություն...

Միշտ առաջինը շնորհակալություն եմ հայտնում իմ ծնողներին, իմ մարզիչին, իմ ընկերներին, իմ հարազատներին, որ նման լավ մարդիկ են ինձ շրջապատում: Հատկապես այս օրերին առաձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, որ իրենց նվիրումով գիշեր-ցերեկ օգնում են բոլորին:

Արթուր, ի՞նչ ծրագրեր ունես պրոֆեսիոնալ ռինգում: Քեզ կտեսնե՞նք նորից ռինգում, թե՞ ավարտել ես կարիերադ:

Սպորտային ասպարեզում դեռ նորություններ չկան, բայց, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտել եմ կարիերաս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով