11:11  ,  19 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Գևորգյան եղբայրները՝ ավստրիական «Զալցբուրգից» (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:

Ավստրիական «Զալցբուրգի» պատանեկան՝ Մ15 տարեկանների թիմի կազմում հանդես են գալիս 2005 թվականի հունիսին ծնված երկվորյակ եղբայրներ Մարկ և Մայք Գևորգյանները: 

«Ծնվել եմ Երևանում, սակայն, ցավոք, Հայաստանում չեմ եղել արդեն 28 տարի: 1992 թվականից ապրում եմ Գերմանիայում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է եղբայրների հայրը՝ Վլադիմիր Գևորգյանը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԲԱՅՑ ԱՅՆՔԱՆ ՏԱՐԲԵՐ 

«Չնայած Մարկն ու Մայքը երկվորյակ եղբայրներ են, նրանք թե՜ բնավորությամբ, և թե՜ խաղաոճով այնքան տարբեր են (ծիծաղում է): Մարկը ձախլիկ է և հիմնականում խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում: Մայքը փլեյմեյքեր է՝ թիմի 10 համարը»:

«ԲԱՎԱՐԻԱՅԻՑ»՝ «ԶԱԼՑԲՈւՐԳ»

«Մենք ապրում ենք Ռոզենհայմ քաղաքում: 11 տարեկանում տղաներն ընդունվեցին տեղի համանուն թիմ: «Ռոզենհայմում» երկվորյակներին նկատեցին «Բավարիայի» և «Մյունխեն 1860»-ի սկաուտները, որոնք տղաներին փորձաշրջանի հրավիրեցին: Ամեն ինչ լավ անցավ, սակայն մենք ցանկանում էինք, որ Մարկն ու Մայքը միասին տեղափոխվեն նոր ակումբ:

Այնուհետև իմ որդիները փորձաշրջանի հրավեր ստացան ավստրիական «Զալցբուրգից», որը խոշոր մրցաշարից հետո ցանկություն հայտնեց նրանց տեսնել իր մարզադպրոցում:

12 տարեկանից Մարկն ու Մայքը հանդես են գալիս «Զալցբուրգի» դպրոցում, իսկ 14 տարեկանից նրանք տեղափոխվել են ակումբի ակադեմիա և ներկայումս խաղում են Մ15 տարեկանների ավստրիական Բունդեսլիգայում: Տղաներն ապրում են ակադեմիայում, որտեղ շատ լուրջ համակարգված մոտեցում է՝ օրական 2 մարզումով: Տղաները հաճախում են ավստրիական դպրոց:

Նշեմ, որ «Զալցբուրգի» ակադեմիայում հայտնվելն այնքան էլ հեշտ չէ: Մինչև 15 տարեկանը նրանք գործնականում չեն ընդունում Ավստրիայի քաղաքացի չհանդիսացող խաղացողների»:

«ՀՊԱՐՏ ԿԼԻՆԵՆՔ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀՐԱՎԵՐ ՍՏԱՆԱՆՔ»

«Հայաստանից մեզ հետ դեռ կապ չեն հաստատել: Իհարկե, հպարտ կլինեք, եթե հրավեր ստանանք Հայաստանի պատանեկան հավաքականից:

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Next Generation Cup սուպերմրցաշարը, որում «Զալցբուրգի» մրցակիցները պետք է լինեին «Չելսին», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և այլ թոփ-ակումբների պատանեկան թիմեր:

Շատ էինք ցանկանում այս ամիս այցելել Հայաստան, սակայն կորոնավիրուսի պատճառով մեր ծրագրերը «սառեցվեցին»: Հուսով եմ, որ կկարողանանք անել դա մոտ ապագայում»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս