NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:
16-ամյա կիսապաշտպան Համլետ Մկրտչյանը 2018 թվականից հանդես է գալիս Լեհաստանում:
«Ծնվել եմ 2003 թվականին՝ Երևանում: Լեհաստան եմ տեղափոխվել շուրջ 2 տարի առաջ»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է Համլետը:
«Ֆուտբոլ խաղում եմ 6 տարեկանից: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել Ավանի ակադեմիայում: Մինչև Լեհաստան տեղափոխվելը խաղացել եմ Երևանի «Արարատի» պատանեկան թիմում, որտեղ առաջընթաց եմ գրանցել մարզիչների գրագետ աշխատանքի շնորհիվ:
Հիմնականում հանդես եմ գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, ամենից շատ սիրում եմ արդյունավետ փոխանցումներ կատարել և օգտակար լինել թիմին: Երբեմն մարզիչն ինձ օգտագործում է կիսապաշտպանության աջ եզրում:
2018 թվականին 6 ամիս խաղացել եմ լեհական KS Sparta Miejska Górka թիմում, որտեղ ինձ նկատել են MKS Piast Żmigród-ի սկաուտները և հրավիրել են ակումբ: Այստեղ ես հանդես եմ գալիս ավագ թիմակիցներիս հետ՝ մինչև 19 տարեկանների թիմում:
Ես դեռ հրավեր չեմ ստացել Հայաստանի պատանեկան հավաքականներից, սակայն, հուսով եմ, որ մոտ ապագայում դա տեղի կունենա: Իմ երազանքն է խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում և պաշտպանել իմ երկրի պատիվը»,- նշել է Համլետ Մկրտչյանը:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում