11:11  ,  16 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Լևերկուզենի «Բայերի» հայ ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ նոր Մխիթարյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Լևերկուզենի «Բայերի» պատանեկան թիմում հանդես է գալիս այս խորագրի ամենաերիտասարդ հերոսը՝ 8-ամյա փլեյմեյքեր Լեոն Սկրիպինը, որը ցանկանում է առաջ շարժվել Բունդեսլիգան նվաճած Հենրիխ Մխիթարյանի և Գերմանիայի առաջնության բացահայտում դարձած Սարգիս Ադամյանի հետքերով:

«20 տարի առաջ Գերմանիա տեղափոխվեցինք Արցախից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեոնի հայրը՝ Արամը:

«Լեոնին նկատեցին FT Dützen-ում և հրավիրեցին «Բայեր»: Լևերկուզենյան ակումբի մարզադպրոցը լավագույններից է Գերմանիայում` «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ մեկտեղ: Սա հիանալի տարբերակ է երիտասարդ խաղացողների աճի համար, ուստի ես որոշեցի, որ պետք է օգտագործեմ այս հնարավորությունը:

Լեոնի բոլոր մտքերը կապված են ֆուտբոլի հետ: Ես անընդհատ նրան բացատրում եմ, թե որքան կարևոր է հայ ժողովրդի համար այն, որ մեր հայրենակիցները հաջողությունների են հասնում արտերկրում:

Կորոնավիրուսը խանգարեց մեզ մասնակցել Իսպանիայում «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ մանկապատանեկան հեղինակավոր մրցաշարի: Սակայն, ամեն ինչ դեռ առջևում է: Չստացվեց այս անգամ` կստացվի հաջորդ անգամ (ծիծաղում է):

Այո, մենք ապրում ենք արտասահմանում, բայց ես փորձում եմ իմ որդու մեջ սերմանել հայրենասիրության զգացողություն, մեր ընտանիքում շատ կարևոր տեղ է հատկացվում հայկական մշակույթին, տանը հայերեն ենք խոսում: Շատ շնորհակալություն մեր հայրենակիցներին` նրանց ցուցաբերած աջակցության համար: Ցանկանում ենք այցելել Հայաստան, որտեղ ես չեմ եղել շուրջ 10 տարի: Եթե ​​կորոնավիրուսը չխանգարի, մենք դա կանենք արդեն այս ամառ: Եթե ​​մոտ ապագայում հնարավորություն լինի համագործակցել հայկական ֆուտբոլի հետ, միայն ուրախ կլինենք»,- նշել է Արամ Սկրիպինը:

Սամվել Սուքիասյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս