10:10  ,  14 ապրիլի, 2020

Հայաստանի հավաքականի դարպասապահ Անաստասիա Կլիմովան տեղափոխվել է «Ենիսեյ». Հարցազրույց (ֆոտո)

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Անաստասիա Կլիմովան «Շիրակ-Հոմենմենից» տեղափոխվել է Ռուսաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող Կրասնոյարսկի «Ենիսեյ»:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է 25-ամյա ֆուտբոլիստուհու հետ, որը վերջերս տեղի ունեցած Լիտվայի հետ ընկերական խաղերում (0:1, 1:1) նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

ԱԿՈւՄԲԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

«Ակումբային կարիերայիս ընթացքում հանդես եմ եկել Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի առաջնություններում:

«Լեգենդայի» կազմում 2 անգամ հասել եմ Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակիչ, առաջնությունում նվաճել եմ արծաթե և բրոնզե մեդալներ, արժանացել եմ սպորտի վարպետի կոչմանը, որի համար շատ հպարտ եմ: 2017 թվականին «Մարտվեի» կազմում դարձել եմ Վրաստանի չեմպիոն՝  ձեռք բերելով նաև Չեմպիոնների լիգայում հանդես գալու փորձ»:

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

«Իմ մրցելույթներին «Ենիսեյից» հետևել են Իժևսկի «Տորպեդոյում» հանդես գալու ժամանակահատվածում: Մի քանի հանդիպում անցկացրել եմ «Շիրակ-Հոմենմենի» կազմում, այնուհետև միացել եմ Կրասնոյարսկը ներկայացնող ակումբին, որտեղ լավ ընդունելության եմ արժանացել: Կանենք ամեն ինչ մրցանակային տեղ գրավելու համար: Հասկանալի պատճառներով հանդիպումներն առայժ հետաձգվել են մինչև մայիս»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, իսկ ժողովուրդը շատ հյուրընկալ է: Հայաստանի հավաքականի կազմում իմ առաջին հավաքը շատ լավ անցավ, մենք ընկերական կոլեկտիվ ունենք, որակյալ մարզչական շտաբ, մարզումային գործընթացի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ՝ Լիտվայի հետ հանդիպումներն օգտակար էին մեզ համար: Սա միայն սկիզբն է այն երկար ճանապարհի, որը Հայաստանի հավաքականը պետք է անցնի»:

Հ.Գ. Անաստասիա Կլիմովայի մասնակցությամբ #Corner հաղորդման չելենջը կարող եք դիտել այստեղ (5:29 րոպեից):

Սամվել Սուքիասյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով