19:44  ,  13 ապրիլի, 2020

Սպորտային բժիշկ․ Կորոնավիրուսը մարզիկներին դրել է դժվարին հոգեբանական վիճակում

Կորոնավիրուսը մարզիկներին դրել է  դժվարին հոգեբանական վիճակում և հնարավոր է, որ նրանց  մի մասը հայտնվի ընկճախտի մեջ։ Այդ մասին գրել է սպորտային բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը։

«Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները։ Նրանք գտնվում են   առավել խոցելի պայմաններում։ Հասկանալի է, որ հնարավոր չէ իրականացնել բնականոն մարզումային գործունեություն  և կանգնած են մարզավիճակը կորցնելու վտանգի առաջ։

Կորոնավիրուսը մարզիկներին դրել է  դժվարին հոգեբանական վիճակում և հնարավոր է, որ նրանց  մի մասը հայտնվի ընկճախտի մեջ։ Ոչ բոլորը կկարողանան հաղթահարել դա, որի հետևանքով  կխաթարվի նրանց մարզական կենսագրությունը։ Ավելի դժվար է լավագույն մարզավիճակում գտնվող մարզիկների համար, որովհետև խոցելի է նրանց  իմունիտետը։

Վտանգներից խուսափելու համար  կուզեի  հետևյալն ասել։ Անհրաժեշտ է տնային պայմաններում շարունակել մարզումները՝  պահպանելով նախկին ռեժիմը և հաճախականությունը։ Ամենօրյա կապ հաստատել մարզչի, թիմի բժշկի և եթե հնարավոր է՝ հոգեբանի հետ։

Ամեն մարզիկ պիտի ունենա իր օրագիրը։ Այնտեղ անհրաժեշտ է նշել առավոտյան հանգստի վիճակի պուլսը  (սրտի բաբախումների հաճախականությունը), անձնական քաշը, մարզումների  ժամերը, կատարված վարժությունները, դրանց քանակն ու  հաճախականությունը։

Պարապմունքները պետք է  հաջորդաբար ընդգրկեն նախավարժանք (ցատկեր, կքանիստեր, արագ վազքեր՝  մուտքի աստիճաններով, հավասարակշռության և ուժային վարժություններ, ձգումներ)։ Ձգումներն անհրաժեշտ է կատարել հետևյալ հերթականությամբ․ ստատիկ, դինամիկ և պայթուցիկ  (բալիստիկ) շարժումներով։

Մարզման ամենամեծ բեռնվածության պահին կրկին հաշվել պուլսը, որը պիտի կազմի ոչ պակաս քան 160 - 180 բաբախում / րոպե։ Վերջում կատարել ցածր բեռնվածության թուլացնող վարժանք։

Ավարտից հետո  ընդունել տաք և սառը ցնցուղ, ինչը կոփում  և զարգացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Օրագրում նշել  օրվա մարզման հետ կապված սեփական մտքերը, թերությունները և հաջորդ օրվա անելիքը։ Պահպանել հեղուկների ընդունման ռեժիմը (օրը՝  2-3 լիտր ջուր)։

Ամեն օրվա մարզման համար խորհուրդ է տրվում պատրաստել էներգետիկ հեղուկային խառնուրդ  (կոկտեյլ)՝ 300 մլ խնձորի կամ խաղողի հյութի մեջ  լուծել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր և  2-3 լորի հավկիթ։ Կոկտեյլի կեսը խմել մարզումից  մեկ ժամ առաջ, մյուս կեսը՝ ավարտելուց կես ժամ հետո։ Դա  նպաստում է ուժերի արագ վերականգնմանը։

Ցանկանում եմ առողջություն, բարձր  տրամադրություն, անհրաժեշտ մարզավիճակ և հաղթանակներ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում