12:05  ,  13 ապրիլի, 2020

Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել Magnus Carlsen Invitational օնլայն մրցաշարին. Հայտնի է մասնակիցների կազմը

Հայտնի է դարձել շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ անցկացվելիք արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի մասնակիցների ցանկը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել մրցաշարին: Հիշեցնենք, որ մարտի 31-ին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էր Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին:

Magnus Carlsen Invitational-ին կմասնակցեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան  (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա) և Ալիրեզա Ֆիրուջան (Իրան):

Նախապես ծրագրված էր մրցաշարն անցկացնել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին 8 տեղերը զբաղեցնող գրոսմայստերների մասնակցությամբ, սակայն օնլայն մրցաշարին մասնակցությունից բացի դասակարգման աղյուսակի 7-րդ տեղը զբաղեցնող Արոնյանից հրաժարվել են նաև ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (6-րդ տեղ) և ամերիկացի Ուեսլի Սոն (8-րդ տեղ):

Magnus Carlsen Invitational-ի առաջին տուրի պարտիաները տեղի կունենան ապրիլի 18-ին: Մրցաշարը կանցկացվի շրջանային համակարգով և կտևի 2 շաբաթ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս