09:17  ,  12 ապրիլի, 2020

Արթուր Ավետիսյան․ Լավատես եմ. մենք հզոր ազգ ենք եւ սրա միջով էլ կանցնենք

Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, փորձություն է մարդկության համար, մեզ՝ հայերիս համար նույնպես: Լավատես եմ. մենք հզոր ազգ ենք եւ սրա միջով էլ կանցնենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:

Ուսանողական խաղերի չեմպիոնը 2019 թվականին ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն երիտասարդ մարզիկ, առաջին անգամ ընդգրկվեց տարվա լավագույն մարզիկների տասնյակում: Արթուրը, թիմի մյուս անդամների պես այս օրերին տնային մարզումներով է բավարարվում՝ անհամբեր սպասելով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարզումները վերսկսելուն:

Արթուր, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Կարանտինում եմ բոլորի պես՝ մշտապես տանը, ընտանիքիս անդամների հետ:

Մարզումներս կազմակերպում եմ տնային պայմաններում: Ամեն օր վազում եմ, տանը՝ ուժային վարժություններ անում՝ ֆիզիկականս պահելու համար: Մեր մարզաձեւն այնպիսին է, որ զուտ ֆիզիկական մարզումներով հնարավոր չէ պահպանել մարզավիճակ: Առնվազն մի քանի ամիս պետք է, որ այս կարանտինից հետո վերականգնվենք եւ վերադառնանք մեր նախկին մարզավիճակին:

Անցած տարվա դեկտեմբերին ձեռքիս մկանաթելերն էի կտրել: Այժմ օգտվում եմ առիթից՝ քանի որ մարզումներ չկան, չեմ ծանրաբեռնում, բուժում եմ անցնում:

Մարզումներից բացի տան վերանորոգման աշխատանքներով եմ զբաղվում, օգնում եմ ընտանիքիս անդամներին:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին:

Միայն տանը մնալը եւ կարանտինի մեջ գտնվելն արդեն, ինքն իրենով, դժվարություն է: Փորձում եմ ամեն ձեւ պահպանել կարանտինային վիճակը, որովհետեւ շատ վտանգավոր է, իրոք: Հազվադեպ եմ դուրս գալիս, անհրաժեշտության դեպքում՝ գնումների հիմնականում: Ամեն դուրս գալիս ձեւաթուղթ եմ լրացնում, դիմակ, ձեռնոց կրում: Ինձ գրեթե ամեն դուրս գալիս ստուգում են, քանի որ անցակետով եմ անցնում:

Ինչպե՞ս կնկարագրես աշխարհում ստեղծված այս իրավիճակը:

Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, փորձություն է մարդկության համար, կյանքի պայքար է, կռիվ կյանքի համար: Հայերիս համար էլ է փորձություն: Վստահ եմ՝ հայ ազգը հզոր ազգ է, սրա միջով էլ կանցնի:

Բժիշկներն ամեն ինչ անում են, որ հայ ազգը քիչ տուժի այս կորոնավիրուսից: Հետեւում եմ լրահոսին, գիտեմ, որ դանդաղ, բայց նվազում է վարակակիրների թիվը: Լավատես եմ, հույս ունեմ, որ շուտով նոր վարակակիրներ չենք ունենա:

Վախ ունե՞ս այս իրավիճակի հետ պայմանավորված:

Կարծում եմ՝ ճգնաժամ կլինի, բայց սա էլ կանցնի: Եթե մինչ այս շատ մարդիկ դժվար էին ապրում, օրվա հացի գումարով, մտավախություն ունեմ, որ ճգնաժամի հետ ավելի վատ շրջան կլինի, դժվարություններ կլինեն:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ սպորտի այս իրավիճակի համար: Համաշխարհային սպորտը կանգնած է: Ափսոսում եմ, որ բազմաթիվ մրցաշարեր, կարեւոր մարզական իրադարձություններ հետաձգվեցին, բայց նաեւ հասկանում եմ, որ ուղղակի այլ ելք չկար: Ես ինքս Տոկիո-2020-ում պայքարելու հնարավորություն չունեմ, բայց կուզեի, որ նախատեսված ժամկետներում լիներ: Ափսոսում եմ, որ իմ շատ ընկերներ ստիպված են սպասել մեկ տարի Օլիմպիական խաղերի համար: Մեծ հույս ունեմ, որ օլիմպիական ուղեգիր կնվաճեմ արդեն Փարիզ-2024-ի համար:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ տանը:

Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում: Սիրում եմ մարտաֆիլմեր, կոմեդիաներ: Ազատ ժամանակ նաեւ կարդում եմ, լուրերին եմ հետեւում:

3 ֆիլմ, որ խորհուրդ կտաս դիտել այս օրերին տանը:

«Ջոն Ուիք» (2014) 

«1+1» (2011)

«Գեմինի» (2019)

Գի՞րք...

Միակ գիրքը, որ բոլորին խորհուրդ կտամ, դա Աստվածաշունչն է: Ինքս հաճախ եմ կարդում: Հատկապես այս օրերին ճիշտ ժամանակն է եւս մեկ անգամ կարդալ Աստվածաշունչը:

#ՄնաՏանը...

Հետեւք արտակարգ դրության ընթացքում սահմանված կարգին, մնացեք տանը, դուրս մի եկեք, մի հավաքվեք տներում: Վերջապես հասկացեք, որ մենք գործ ունենք շատ լուրջ վիրուսի հետ, որը արդեն տասնյակ հազարավոր կյանքեր է խլել: Եթե ուզում ենք օգնել մեր երկրին, բժիշկներին, իրավապահ մարմիններին, ուրեմն եկեք մնանք տանը:

Շնորհակալություն...

Հայաստանի բոլոր բժիշկներին, ոստիկաններին եւ մեր երկրի խաղաղությունը պահպանող զինվորներին: Նրանցից յուրաքանչյուրը կյանք վտանգելով, փորձում է փրկել կյանքեր, մեր կյանքը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ