00:46  ,  9 ապրիլի, 2020

Ֆուտբոլի Թայվանի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 12-ին

Ֆուտբոլի Թայվանի (Չինական Տայպեյ) Պրեմյեր լիգայի մրցաշրջանը կմեկնարկի նախատեսված ժամկետում։ Ապրիլի 12-ին տեղի կունենան առաջին տուրի հանդիպումները, հաղորդում է thetaiwantimes.com-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների եւ լրագրողների։

Ստադիոն մտնելու իրավունք կունենան թիմերի խաղացողները, մարզիչները, բժիշկները, ակումբների պաշտոնյաներ եւ աշխատակիցներ։

Ամեն խաղից առաջ ստադիոն մտնողները կջերմաչափվեն եւ կհանձնեն կորոնավիրուսի թեստ։

Թայվանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 8-ի դրությամբ 379 է, մահերի թիվը՝ 5 (worldometers.info/coronavirus-ի տվյալով)։

Հիշեցնենք, որ այժմ աշխարհում ֆուտբոլային առաջնություն անցկացվում է չորս երկրում՝ Բելառուս, Բուրունդի, Տաջիկստան, Նիկարագուա։ Շվեդիայի առաջնությունը նախատեսվում էր սկսել ապրիլի 4-ին, սակայն հետաձգվեց։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում