10:10  ,  8 ապրիլի, 2020

Արամ Հայրապետյանը՝ Կապարոսի, Բերեզովսկու, Յուրչենկոյի, նոր թիմում հարմարվելու և Իրանում իրավիճակի մասին (ֆոտո)

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Երևանի «Ուրարտուից» Իրանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փայքան» ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է պահպանում մարզավիճակը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, ինչով է զբաղվում այս օրերին, նաև անդրադարձել է նոր երկրում ու առաջնությունում հարմարվելուն և հավաքականի նոր մարզչական շտաբին:

«ԻՐԱՆՈւՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉԻ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ»

«Իրանում իրավիճակը չի բարելավվում: Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60 հազարը: Ուրախալի է միայն այն փաստը, որ եվրոպական երկրների համեմատ այստեղ մահացությունների քանակն ավելի քիչ է:

Սկզբում դժվար էր ապրել կարանտինի պայմաններում, սակայն ամեն ինչին էլ կարելի է համակերպվել: Հիմա դա նորմալ է դարձել:

Ակումբի մարզումները դադարեցվել են 1 ամիս առաջ, սակայն ես որոշեցի դադար չվերցնել և շարունակում եմ անհատական ծրագրով մարզվել մարզաբազայում: Վերջին 4 մարզումների ընթացքում ինձ է միացել նաև թիմի ֆիզիկական պատրաստության մարզիչը, որի գլխավորությամբ էլ հիմա անցկացնում եմ մարզումները»:

«ՊԵՏՔ Է ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ»

«Երկրպագուներին խորհուրդ եմ տալիս ժամանակ չկորցնել և այս դադարն օգտագործել ինչ-որ նոր բան սովորելու համար: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ տանը մնալն այնքան էլ ձանձրալի չէ: Կարանտինում տարբեր կերպ կարելի է անցկացնել ժամանակը:

Արդեն 1 ամիս է՝ ես ամեն օր առավոտները սկսում եմ մարզվելով, այնուհետև հետևում եմ նորություններին և սերիալներ եմ դիտում (նախ հին սերիալները, իսկ հիմա նորերը, որոնցից կառանձնացնեմ «The Witcher»-ը և «Mandalore»-ը), նաև Playstation եմ խաղում: YouToube-ում խորհուրդ եմ տալիս դիտել #Corner-ը, «Ի՞նչ եղավ հետո»-ն և սթենդափ ներկայացումներ»:

«ԻՐԱՆԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆԸ ԴԻՆԱՄԻԿ Է. ՀԱՆԴԻՊՈւՄՆԵՐՆ ԱՆՑՆՈւՄ ԵՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊՈՎ»

«Դժվարությամբ հարմարվեցի նոր ակումբում, քանի որ ես Իրան տեղափոխվեցի 1 ամիս հանգստանալուց հետո, իսկ այստեղ արդեն սկսվել էին լիարժեք մարզումները, առաջնությունն ընթացքի մեջ էր: Ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով շարքից դուրս մնացի 2 շաբաթով՝ բաց թողնելով նաև 1 պաշտոնական հանդիպում: 

Դժվար է համեմատել Հայաստանի և Իրանի առաջնությունները, դրանք լրիվ տարբեր մրցաշարեր են: Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություններն ու առավելությունները: Ինչ վերաբերում է Իրանի առաջնությանը, ապա այն շատ դինամիկ է, ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ են պատրաստված, իսկ հանդիպումներն անցնում են բարձր տեմպով, ինչը սկզբնական շրջանում ինձ համար անսովոր էր»:

«ՄՐՑԱԿՑՈւԹՅՈւՆԸ ՄՈՏԻՎԱՑՆՈւՄ Է ԻՆՁ»

«Դավիթ Յուրչենկոն, ինչպես և Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովն, արժանի ֆուտբոլիստներ են, իսկ մրցակցությունը մոտիվացնում է ինձ»:

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՄԱՍԻՆ

«Խոակին Կապարոսը մեծ փորձ ունի ֆուտբոլում: Ցանկությունը մեծ է, որ նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հասնի առավելագույն արդյունքի: Գլխավոր մարզիչի փոփոխությունը նոր խթան է, որպեսզի ֆուտբոլիստներն ապացուցեն՝ ինչի են ընդունակ: Հավատում եմ, որ առաջիկա հանդիպումներում մենք ցուցադրելու ենք արժանապատիվ խաղ:

Ուրախ եմ, որ Բերեզովսկին շարունակելու է աշխատանքը մարզչական շտաբում: Նա հսկայական փորձ ունի: Երկար տարիներ Ռոմանը պաշտպանել է հավաքականի դարպասը և արդեն հասցրել է դրսևորել իրեն նաև որպես գրագետ մարզիչ»:

ԵՐԿՐՊԱԳՈւՆԵՐԻՆ

«Չեմ կարողանում բառեր ընտրել հայտնելու համար իմ շնորհակալությունը երկրպագուներին, որոնք ամբողջ ընթացքում հավատացել ու աջակցել են ինձ՝ անկախ մեր գրանցած արդյունքներից»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ