09:14  ,  8 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգայի առաջատար ակումբների հաջորդ մրցաշրջանի խաղաշապիկները (ֆոտո)

Footy Headliners կայքում հայտնվել են ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջատար ակումբների խաղաշապիկները՝ նախատեսված 2020/21 մրցաշրջանի համար: 

Ֆուտբոլային ակումբների տեխնիկական հովանավորները դեռ պաշտոնապես չեն ներկայացրել հաջորդ մրցաշրջանի համազգեստները, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ Footy Headliners-ի ներկայացրած տարբերակները համընկնում են հետագայում պաշտոնապես ներկայացվող համազգեստների հետ:

«Լիվերպուլ»

Հաջորդ մրցաշրջանից սկսած «Լիվերպուլի» տենխիկական հովանավորը կլինի ամերիկյան Nike ընկերությունը: Հայտնի է, որ «Լիվերպուլի» տնային համազգեստը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի, իսկ արտագնա և պահեստային համազգեստները կտարբերվեն իրենց վառ երանգով և յուրահատուկ դիզայնով:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Adidas ընկերությունը միայն մանր դետալներ փոփոխության կենթարկի մանչեսթերյան ակումբի տնային համազգեստի դիզայնում: 

«Մանչեսթեր Յունայթեդի» արտագնա համազգեստը կլինի մուգ կանաչ գույնի:

Ակումբի պահեստային համազգեստը յուրահատուկ դիզայն է ստացել՝ սև ու սպիտակ գույների համադրությամբ:

«Մանչեսթեր Սիթի»

2020/21 մրցաշրջանի «Մանչեսթեր Սիթիի» տնային համազգեստը կպահպանի ավանդական բաց կապույտ երանգը, սակայն կընդգրկի նաև սպիտակի համադրությամբ յուրահատուկ ոճային լուծումներ:

Անգլիայի չեմպիոնի արտագնա համազգեստը կլինի սև գույնի:

«Մանչեսթեր Սիթիի» պահեստային համազգեստը կլինի սպիտակ:

«Չելսի»

Լոնդոնյան ակումբի տնային համազգեստը կպահպանի ավանդական կապույտ երանգը, իսկ խաղաշապիկի դիզայնում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: «Չելսիի» արտագնա համազգեստը կլինի սպիտակ գույնի, իսկ պահեստային համազգեստը՝ կարմիր և կապույտ ուղղահայաց շերտերով:

«Տոտենհեմ»

Nike ընկերությունը որոշ փոփոխություններ է կատարել «Տոտենհեմի» տնային համազգեստի դիզայնում: Ավանդական սպիտակ գույնին ընկերության մասնագետները համադրել են նաև մուգ կապույտը և դեղինը:

«Տոտենհեմի» արտագնա համազգեստը կլինի մուգ կանաչ, իսկ պահեստայինը՝ դեղին գույնի:

«Արսենալ»

Լոնդոնյան ակումբի տնային համազգեստը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի: Արտագնա համազգեստը կկրկնի 2007/08 մրցաշրջանի արտագնա համազգեստի դիզայնը, իսկ պահեստային համազգեստը կլինի մուգ կապույտ գույնի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում