16:27  ,  5 ապրիլի, 2020

Ռունի․ Խայտառակություն է, ինչո՞ւ են ֆուտբոլիստները դարձել քավության նոխազ

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, «Դերբի Քաունթիի» խաղացող մարզիչ Ուեյն Ռունին հորդորել է կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ֆուտբոլիստներին բարձր աշխատավարձի համար չդարձնել քավության նոխազ։

«Եթե կառավարությունը դիմեր ինձ բժիշկներին եւ բուժքույրերին նյութապես աջակցելու կամ հիվանդանոցների համար բժշկական սարքավորումներ գնելու համար, ես հպարտ կլինեի անել դա։ Ես այնպիսի վիճակում եմ, որ կարող եմ օգնել։ Բայց ոչ բոլոր ֆուտբոլիստներն են նույն վիճակում։ Հիմա բոլոր ֆուտբոլիստներին խնդրում են հրաժարվել աշխատավարձի 30 տոկոսից։ Ինչո՞ւ են ֆուտբոլիստները դարձել քավության նոխազ։

Վերջին օրերի իրադարձությունները խայտառակություն են։ Առողջապահության նախարարը համավարակի, մեր կյանքի ամենամեծ ճգնաժամի մասին խոսելու փոխարեն հորդորում է նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձը։ Ինչո՞ւ է ընդհանրապես նրա գլխում եղել ֆուտբոլիստների աշխատավարձը։

Նաեւ տարօրինակ է, որ ֆուտբոլիստների աշխատավարձի կրճատման մասին որոշումը հրապարակվեց, թեեւ պետք է գաղտնի մնար։ Տպավորություն է, որ ցանկանում են ամոթանք տալ ֆուտբոլիստներին։

Մեծ ակումբները չունեն աշխատավարձ կրճատելու կարիք։ Եթե «Մանչեսթեր Սիթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է այդպիսի քայլերով գոյատեւեն, նշանակում է ֆուտբոլը շատ ավելի վատ վիճակում է, քան կարող ենք պատկերացնել»,- Ռունիի խոսքը մեջբերում է The Sunday Times-ը։

Եվրոպայում բոլոր առաջնությունները դադարեցված են։ Բացառություն է Բելառուսի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս