15:39  ,  3 ապրիլի, 2020

Նոր զարգացումներ Կոուտինյոյի ապագայի հարցում

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Մյունխենի «Բավարիայում», ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Անգլիայի Պրեմյեր լիգա:

Diario Sport-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Չելսին» կապ է հաստատել 27-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ և քննարկում է ֆուտբոլիստի՝ Լոնդոն հնարավոր տեղափոխության մանրամասները:

Կոուտինյոյի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև «Տոտենհեմը», որը, սակայն, ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով կարող է միայն վարձակալել բրազիլացի ֆուտբոլիստին:

«Բարսելոնան» ակնկալում է Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքի վաճառքից ստանալ շուրջ 100 միլիոն եվրո, որը կօգտագործի Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխությունն իրականացնելու նպատակով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի «Բավարիան» հրաժարվել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը:

Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Լիվերպուլից»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում