15:07  ,  2 ապրիլի, 2020

Սերխի Ռոբերտո. ՊՍԺ-ի դեմ խաղից հետո ամբողջ գիշեր դիտել եմ խփածս գոլի տեսագրությունը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն պատմել է՝ ինչով է զբաղվում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում:

«Ցավալի է տեսնել, որ փողոցները դատարկ են: Այնպիսի տպավորություն է, որ կյանքը կանգ է առել: Հուսով եմ՝ այս իրավիճակը հնարավորինս շուտ կանցնի և մարդիկ կկարողանան վերադառնալ բնականոն կյանքի:

Կարանտինի պայմաններում մարզվում եմ տանը, փորձում եմ պահպանել մարզավիճակս, չնայած տնային մարզումները բավարար չեն դրա համար»,- ասել է Ռոբերտոն:

«Բարսելոնայի» կիսապաշտպանը վերհիշել է նաև 2017 թվականին տեղի ունեցած ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ հանդիպումը, երբ հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին իր խփած գոլը «Բարսելոնային» դուրս բերեց Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ:

«Դա հրաշալի պահ էր: Հանդիպման ավարտից հետո ամբողջ գիշեր դիտել եմ այդ գոլի տեսագրությունը: Հիմա էլ հաճախ եմ դիտում այդ հանդիպումը»,- 28-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English