10:10  ,  2 ապրիլի, 2020

Բրիասկո-Բալեկյանը՝ Հայաստանի հավաքականի, Երևանի և Խոակին Կապարոսի մասին (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը Diario Armenia-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի կազմում հարմարվելու, հավաքականից կրկին հրավեր ստանալու ցանկության, լեզվական խնդիրների և Խոակին Կապարոսի նշանակման մասին: 

Արգենտինայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 խաղում 24-ամյա հարձակվողը, որի խաղի մասին բարձր կարծիք էր հայտնել արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, դարձել է 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բալեկյանը մասնակցել է 4 հանդիպման:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՄՈԲԻԼ ԹԻՄ Է»

«Հայաստանի ազգային հավաքականում խաղալը հրաշալի փորձ է ինձ համար: Սեփական երկրի ազգային ընտրանին ներկայացնելը մեծ պատիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար: 

Հայաստանի ազգային հավաքականը հետաքրքիր և մոբիլ թիմ է, որտեղ հավաքված են ֆուտբոլիստներ տարբեր առաջնություններից: Այս հավաքականն աչքի է ընկնում իր դինամիկ խաղով:

Հավաքականում հարմարվելու ընթացքը լավ է անցել, չնայած երկրորդ հավաքի ընթացքում եղանակը բավականին ցուրտ էր: Գո՞հ եմ հավաքականի կազմում իմ խաղից: Այո, սակայն զգում եմ, որ ավելիին եմ ընդունակ: Ժամային գոտու փոփոխությունն ինձանից մոտ մեկ շաբաթ է պահանջում քնի սովորական ռեժիմին վերադառնալու համար: Իհարկե, սա իր ազդեցությունն ունենում է իմ խաղի վրա:

Եթե նոր հրավեր ստանամ հավաքականից, ապա առանց վարանելու կընդունեմ այն: Դա իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի համար շատ կարևոր էջ է»:

ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ

«Երևանն ինձ շատ է դուրս եկել: ժամանակի մեծ մասը ծախսել եմ մարզումների վրա, սակայն երբ, այնուամենայնիվ, հաջողվել է դուրս գալ քաղաք, Երևանն ու իմ հանդեպ մարդկանց վերաբերմունքն ինձ, իսկապես, շատ են դուր եկել: 

Իմ եղբայրներն Արգենտինայի հայկական համայնքի անդամ են: Ես ևս մեծ ցանկություն ունեմ մասնակցել համայնքի կյանքին»:

ԼԵԶՎԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ ԿԱՄ «ԻՍՊԱՆԵՐԵՆ՝ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ»

«Ինձ համար մի փոքր դժվար էր շփվել հավաքականում իմ այն խաղընկերների հետ, որոնք խոսում էին միայն հայերեն: Այնուամենայնիվ, այդ հարցում մեզ օգնում էր թարգմանիչը:

Իսպաներենով շփվում էի Մխիթարյանի և տղաներից ևս մի քանիսի հետ: Կառանձնացնեմ նաև Ալեքսանդր Կարապետյանին, որի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ»:

ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՐՈՍԻ ՄԱՍԻՆ

«Խոակին Կապարոսը մեծ փորձ ունեցող մասնագետ է, որն անվանի թիմեր է մարզել: Կարծում եմ, որ նա կօգնի մեզ հասնել հավաքականի առջև դրված նպատակներին»:

Թարգմանեց Սամվել Սուքիասյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով