17:44  ,  31 մարտի, 2020

Գարի Լինեկեր․ Պետք չէ քննադատել Հարի Քեյնին

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, ֆուտբոլային մեկնաբան եւ փորձագետ Գարի Լինեկերը հորդորել է չքննադատել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին, որը չէր բացառել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից հեռանալու տարբերակը։

«Քեյնին կարելի է հասկանալ։ Նա առաջատար ֆուտբոլիստ է, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Անխուսափելի է, որ նա կհիասթափվի «Տոտենհեմի» առաջընթացի տեմպից։ Քեյնն ազնիվ է։ Նա ասում է, որ եթե չլինեն տիտղոսներ, նա կհեռանա։

Ամեն խաղացող էլ ցանկանում է տիտղոսներ նվաճել։ Քեյնի մակարդակի ֆուտբոլիստի համար անմտություն կլինի կարիերան ավարտել առանց տիտղոսի։ Պետք չէ քննադատել նրան։ Նա արդեն երկար ժամանակ է «Տոտենհեմում» եւ միշտ հրաշալի է խաղացել»,- Լինեկերի խոսքը մեջբերում է talkSport-ը։

Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում