15:43  ,  31 մարտի, 2020

Որքան ընդհանուր հետաքրքրություններ ունեիք. Աշխարհը սգում է Արոնյանի կնոջ մահը

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ Արոնյանին ցավակցական ուղերձներ են հղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրոսմայստերներ, ֆուտբոլային ակումբներ և շատ այլ անձինք ու կազմակերպություններ:

«Հարգելի Լևոն, մեր խորին ցավակցությունները: Արիանային ճանաչում էինք դեռ այն ժամանակից, երբ նա երիտասարդ աղջիկ էր, որը հետագայում դարձավ քո կինը: Նա միշտ ընկերասեր և պարկեշտ անձնավորություն էր: Որքան ընդհանուր հետաքրքրություններ ունեիք: Մեր աղոթքներն ու մտքերը ձեզ հետ են»,- Թվիթերի իր էջում գրել է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:

«Մեր խորին ցավակցություններ ենք հղում Լևոն Արոնյանին կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ: Բառերը չեն կարող նկարագրել այն վիշտը, որը զգում ենք հիմա»,- ասված է շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության մեջ:

«Անչափ ցավում եմ կորստի համար, Լև»,- գրել է ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան:

«Խոսքեր չկան: Շատ եմ ցավում»,- գրել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում: Հուղարկավորությունը` ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին՝ նույն վայրից:

Հիշեցնենք, որ Արոնյանի կինը երեկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել էր։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երեւանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում