18:40  ,  30 մարտի, 2020

Բարձրագույն խմբի 9 ակումբները մարտի 24-ին ստացել են 502 հազար եվրո

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9 ակումբները ՈւԵՖԱ-ից ստացել են 502 հազար 788 եվրո, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ից գումարը ստացել է մարտի 24-ին և նույն օրը փոխանցել է ակումբների բանկային հաշիվներին:

2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում՝ ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 եվրոն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերությամբ՝ կախված ակումբների մանկապատանեկան սեկտորի վրա ծախսված գումարների հարաբերակցությունից) բաշխելու վերաբերյալ:

2020 թվականի հունվարի 24-ին, ՈւԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել է, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են, և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 եվրո:

Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ ՀՖՖ-ն որոշել է Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա՝ վերոնշյալ նույն սկզբունքով, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների միջև բաժանել 502 հազար 788 եվրո գումարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևան ՖԱ»-ն դադարեցրել է ելույթները ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, «Երևան ՖԱ»-ին հասանելիք գումարը նույնպես համամասնորեն բաժանվել է մնացած 9 ակումբների միջև:

«Փյունիկ» ՖԱ - 107,000 եվրո

ՖԱ «Ուրարտու» - 84,000 եվրո

«Շիրակ» ՖԱ - 56,500 եվրո

Վանաձորի ֆուտոլի ակադեմիա - 46,000 եվրո

«Արարատ» ՖԱ - 44,600 եվրո

«Արարատ-Արմենիա» ՖԱ - 44,500 եվրո

«Ալաշկերտ» ՖԱ - 44,400 եվրո

«Գանձասար-Կապան» ՖԱ - 39,000 եվրո

«Նոա» ՖԱ -  36,788 եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում