16:16  ,  27 մարտի, 2020

Վարազդատ Հարոյանը՝ կորոնավիրուսի պայմաններում վնասվածքից ապաքինման ընթացքի և Խոակին Կապարոսի մասին

Եկատերինբուրգի «Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում վնասվածքից ապաքինվելու ընթացքի և հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ԱՊԱՔԻՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է»

«Կորոնավիրուսի պատճառով վնասվածքից ապաքինման ընթացքը փոքր ինչ դանդաղել է: Կիպրոսում տեղի ունեցած հավաքի ընթացքում «Արարատ-Արմենիայի» հետ ստուգողական խաղում ստացած վնասվածքից հետո ես վերսկսել էի մարզումներն «Ուրալի» կազմում և ուշադրություն չէի դարձնում աննշան ցավերին՝ մտածելով, որ շուտով ամեն ինչ կանցնի:

Հետազոտության արդյունքից պարզ դարձավ, որ ինձ արգելված է խաղադաշտ դուրս գալ: Ստիպված էի ևս 1 դադար վերցնել: Վնասվածքից ապաքինվելու համար պետք է մեկնեի Գերմանիա, սակայն «միջամտեց» կորոնավիրուսը: Ինձ ասացին, որ 1 ամսով պետք է դադարեցնեմ մարզումները, որպեսզի վնասվածքը չխորացնեմ: Արդեն 2 շաբաթ անցել է, և ես հույս ունեմ հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ»:

«ԿԱՊԱՐՈՍԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ»

«Շատ եմ հետաքրքրվել Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի վերաբերյալ: Այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող մարզիչից միայն լավը կարող ենք սպասել: Կապարոսն անվանի մասնագետ է, որի գլխավորությամբ «Սևիլիան» միշտ մրցունակ ֆուտբոլ էր խաղում: Հուսով եմ, որ միասին լավ աշխատանք ենք կատարելու և մեծ հաղթանակների ենք հասնելու»:

Սամվել Սուքիասյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով