13:25  ,  26 մարտի, 2020

Մխիթարյանը՝ կորոնավիրուսի և «Ռոմայում» մնալու ցանկության մասին. Football Italia

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչով է զբաղվում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, նաև խոսել է հաջորդ մրցաշրջանում «Ռոմայում» հանդես գալու հնարավորության մասին:

««Արսենալում» ամեն ինչ մի փոքր այլ էր: Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի գաղափարներից: «Ռոմայում» ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Այստեղ մենք խաղում ենք այն ֆուտբոլը, որը համապատասխանում է ինձ:

Չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Այսօր դու կարող ես խաղալ մի ակումբում, իսկ վաղը կարող ես հայտնվել լրիվ այլ թիմում: Մրցաշրջանը դադարեցված է, և մենք չգիտենք, թե այն երբ կվերսկսվի»,- 31-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Մխիթարյանը նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարն օգտագործում է ընտանիքի անդամների հետ տարբեր թեմաներից զրուցելու, ֆիլմեր դիտելու համար, սակայն չի մոռանում մարզվելու մասին:

«Հեշտ չէ տանից դուրս չգալը, սակայն ես փորձում եմ համակերպվել այս վիճակի հետ: Մենք պետք է մնանք տանը և սպասենք, թե երբ է իրավիճակը լուծում ստանում:

Ես արթնանում եմ, նախաճաշում, ընտանիքիս անդամների հետ զրուցում տարբեր թեմաների՝ վիրուսի, կյանքի, անցյալի, ապագայի մասին: Երեկոներն անցկացնում եմ ֆիլմեր դիտելով:

«Ռոմայի» ֆուտբոլիստները հատուկ ծրագրեր են ստացել տանը մարզումները կազմակերպելու համար: Մենք պետք է մնանք տանը և մեր կարգապահությամբ օրինակ ծառայենք մարդկանց»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ Իտալիան աշխարհում երկրորդ երկիրն է՝ Չինաստանից հետո: Իտալիայում կորոնավիրուսով վարակված է շուրջ 75 հազար մարդ, իսկ մահերի թիվը գերազանցել է 7 հազարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English