18:39  ,  25 մարտի, 2020

Կորոնավիրուս vs սպորտ. Մարիա Գեւորգյան

Կորոնավիրուս vs սպորտ շարքի հերթական մասնակիցը գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Մարիա Գեւորգյանն է:

Կորոնավիրուս vs մարզումներ

Շախմատի տունը փակ է, այնտեղ չենք մարզվում, այստեղ արդեն խնդիր ենք ունենում միասին մարզվելու: Խուսափում ենք շփումներից: Կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ միջազգային մրցաշարեր են չեղարկվել եւ այս շրջանում որոշակի անորոշություն է, քանի որ չգիտենք՝ ինչ մրցաշարի պետք է պատրաստվենք: Իսկ երբ չգիտես՝ առաջիկայում ինչ մրցաշարեր ունես, դժվար է մարզվելը, մոտիվացիա չկա: Իսկ ավելի հստակ կարելի ասել, որ 2020-ը չեղարկվել է։

Փորձում ենք մարզավիճակ պահել, խնդիրներ ենք ուղարկում միմյանց, հեռավար մարզվել: Իմ անունից միայն կարող եմ ասել. օնլայն հարթակում ես չեմ կարողանում մարզվել, ինձ համար բարդ է: Նախընտրում եմ ինքս ինձ համար տանը խնդիրներ լուծել, քան օնլայն մարզումներ անել:

Կորոնավիրուս vs Համաշխարհային Օլիմպիադա

Համաշխարհային օլիմպիադայի նախապատրաստական փուլը մեզ մոտ դեռ չէր սկսվել, այս առումով չեն տուժել մեր մարզումները: Մինչեւ Օլիմպիադան նախատեսված էին մի շարք մրցաշարեր եւ հավաքներ: Բայց այս պահին մրցաշարերը չեղարկված են: Ինչ վերաբերում է հավաքներին, դրանք նույնպես: Մայիսին պետք է ունենայինք հավաք:

ՖԻԴԵ-ն պաշտոնական մրցաշարերից միայն հավակնքրդների մրցաշարը անցկացրեց: Հունիսի 1-ին Ռումինիայում պետք է մեկնարկեր կանանց Եվրոպայի առաջնությունը: Եվ, քանի որ ՖԻԴԵ-ն արդեն հետաձգել է տղամարդկաց Եվրոպայի առաջնությունը և Օլիմպիադան, սպասում ենք կանանց առաջնության օրերին։ Այսինքն՝ ամեն ինչ անորոշ է: Համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա հաջորդ տարի ամռանը։ Այս պահին ընթանում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որը ՖԻԴԵ-ն, այնուամենայնիվ, անցկացրեց:

Մասնակիցների անվտանգությունը մաքսիմալ պահպանվում է, իսկ դա նշանակում է՝ շախմատիստներն այլ պայմաններում են խաղում: Շախմատն այն մարզաձեւերից է, որ մրցաշարում սովորական պայմաններից դուրս ես խաղում, ամեն ինչ ավելի է դժվարանում:

Կորոնավիրուս vs Հայկական սպորտ

Շատ բան կախված էր Տոկիո 2020-ից։ Կարծում եմ՝ մեր մարզիկները փորձում են հնարավորինս մարզավիճակ պահպանել, բայց այս իրավիճակում, իրոք, շատ բարդ է, երբ սպասել ես մի մեծ իրադարձության և այն անսպասելի հետաձգվում է։ Օրինակ՝ ես ծրագրում էի Թաիլանդում միջազգային մրցաշարի մասնակցել, մրցաշար կար նաեւ Իսլանդիայում: Այս եւ շատ այլ մեծ միջազգային մրցաշարեր չեղարկվել են: Փորձում ենք պահպանել բոլոր կանոնները, մարզվել, խուճապի չմատնվել: Համոզված եմ՝ հայ մարզիկների մոտ մոտիվացիան այնքան շատ է, որ այս իրավիճակը շատ բան չի փոխի:

Կորոնավիրուս vs Մարիա Գեւորգյան

Ես այժմ ինքնամեկուսացած եմ, հետեւում եմ առողջապահության նախարարության հորդորներին, հնարավորինս փորձում եմ մնալ տանը, բայց դժվար է ստացվում: Երբեմն դուրս եմ գալիս, բայց հնարավորինս զերծ եմ մնում մարդաշատ վայրերից, հյուր գնալուց: Անձնական շփումների ժամանակ պահպանում եմ հեռավորությունը, մշտապես ձեռնոցով, դիմակով, ալկոգելն էլ միշտ ինձ հետ է: Ձեռքով եւ «պաչիկով» չեմ բարեւում: Երբեմն էլ պարզապես մեքենա եմ վարում, որ դուրս գամ ցրվեմ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով