11:27  ,  25 մարտի, 2020

Արթուր Ալեքսանյան. Պետք է անենք ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ ՄՕԿ որոշումը:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։

Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։
Առողջ եղեք»,- գրել է Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում