21:08  ,  24 մարտի, 2020

Հովհաննես Բաչկով․ Տասնյակ հազարավոր մարզիկների երազանքներ հետաձգվեցին, ամեն ինչ պետք է սկսենք սկզբից

Օլիմպիական խաղերի հետաձգումով շատերի երազանքները վերացան, մյուսներինն էլ հետաձգվեցին մյուս երազանքների հաշվին: Չնայած այս ամենի, ամենակարեւորը մարդկային կյանքն է եւ առողջությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը:

«Կորոնավիրուսի պանդեմիան, իրոք, լավ իրավիճակ չստեղծեց աշխարհում: Լավ չստավեց, որ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին: Սա նշանակում է՝ շատերի երազանքները վերացան, մյուսներինն էլ հետաձգվեցին այլ երազանքների հաշվին: Իհարկե, ամենակարեւորը առողջությունն է, մարդկային կյանքերը:

Զուտ մարզիկի տեսանկյունից Օլիմպիական խաղերի հետաձգվելը վատ ստացվեց: Ինչպես իմ, այնպես էլ ինձ պես տասնյակ հազարավոր մարզիկների երազանքներ, նպատակներ հետաձգվեցին, ծրագրերը խառնվեցին իրար: Այժմ ամեն ինչ պետք է սկսենք սկզբից»,- ասաց Հովհաննես Բաչկովը:

Հովհաննես Բաչկովը դեռեւս չունի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լոնդոնում դադարեցված վարկանիշային մրցաշարում Բաչկովն իր քաշային կարգում միակ ֆավորիտն էր: Բաչկովը Հայաստանի օլիմպիական հավաքականում նաեւ իրական մեդալի հավակնորդներից է:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 24-ին միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ քննարկումներ ունենալուց հետո որոշում է ընդունել 1 տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով