20:09  ,  24 մարտի, 2020

Արթուր Դավթյան․ Լավ է, որ Օլիմպիական խաղերը հետաձգեցին

Լավ է, որ Օլիմպիական խաղերը հետաձգեցին: Շատ մարզիկներ չէին հասցնելու պատշաճ պատրաստվել այս իրավիճակում:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպական խաղերի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ քննարկումներ ունենալուց հետո որոշում է ընդունել 1 տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

«Ինձ համար առանձնապես էական չէր, կհետաձգեին Խաղերը, թե ոչ: Դա պայմանավորված էր նրանով, որ ես արդեն նվաճել էի օլիմպիական ուղեգիր:

Կարծում եմ՝ այսպես ավելի արդարացի է, քանի որ շատ մարզիկներ դեռ չունեին ուղեգիր, հիմա էլ արտակարգ դրություն էր ամբողջ աշխարհում այս կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Միեւնույն է՝ ոչ բոլորն էին կարողանալու լիարժեք պատրաստվել Խաղերին: Այժմ արդեն առանց մտածմունքի եւ շտապելու կնախապատրաստվենք»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն արդեն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել էր 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Նա սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 32-րդ Օլիմպիական խաղերում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով