16:10  ,  24 մարտի, 2020

Սարգիս Ադամյան. Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի պատճառով մարզումների դադարեցման, վնասվածքից ապաքինվելու ընթացքի և Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին:

«Գերմանիայում արտակարգ դրություն է, գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տնից. դա արգելված է: Մարզումները ևս դադարեցված են: Բացառություն է արվում միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների համար, որոնց թվում եմ նաև ևս:  Այժմ բնակվում եմ Հայդելբերգում, «Հոֆենհայմի» մարզաբազա գնում եմ ավտոմեքենայով:

Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել: Բժիշկներն ասում են, որ, հնարավոր է, մայիսի վերջին արդեն կարողանամ խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակ Բունդեսլիգայի առաջնությունը վերսկված լինի:

Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել: Շատ եմ լսել Խոակին Կապարոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և մեզ կդրսևորենք մեր լավագույն կողմերը»,- ասել է 26-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը փետրվարի 25-ին բարեհաջող աջ կոճի վիրահատության էր ենթարկվել: Հայ ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում