21:44  +04,  23 մարտի, 2020

Կորոնավիրուս vs սպորտ․ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյան

Կորոնավիրուս vs սպորտ շարքի հերթական մասնակիցը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն է:

Հայաստանի թիմը Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ մարտի 1-18-ը ուսումնամարզական հավաք էր անցկացնում Երեւանի «Օլիմպավանում»: Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ըմբիշների հավաքը ժամանակից շուտ ավարտվեց՝ մարտի 14-ին: Հավաքի բոլոր մասնակիցները շատերի նման անցան տնային մարզումների:

Թիմը պատրաստվում էր մարտի 19-24-ը Բուդապեշտում նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեց անորոշ ժամանակով:

Կորոնավիրուս vs մարզումներ

Մասսայական հավաքներ չկան: Թիմն անցել է անհատական մարզումների, տնային պայմաններում ենք փորձում աշխատել: Բոլորին անհատական աշխատանք ենք տվել: Դեռ անորոշ, խճճված վիճակ է: Մի մասին կանչում ենք Թոխմախի այգի՝ վազում են այնտեղ, բացօթյա մարզումներ անում: Փորձում ենք հնարավորինս տղաների մարզավիճակը պահպանել, մինչեւ տեսնենք՝ երբ է նահանջելու այս վիրուսը: Թիմի բոլոր անդամների հետ կապի մեջ ենք, այսպես ենք առայժմ աշխատում, մինչեւ ավարտվի արտակարգ դրությունը եւ կարողանանք հավաք կազմակերպել, եթե, իհարկե, պետությունը թույլ տա:

Մեր խնդիրն է այժմ պահպանել ըմբիշների մարզավիճակը, որը ձեռք էին բերել այս ընթացքում: Չենք կարող դուրս գալ մարզավիճակից, ոչ էլ կարող ենք ավելացնել: Օրինակ՝ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը լավ մարզավիճակում են: Անհատական մարզումներով նրանք կպահպանեն, որպեսզի մարզումները վերսկսելուն պես շարունակենք այն կետից, որտեղ կանգ էինք առել:

Կորոնավիրուս vs Տոկիո-2020

Եթե այսպես շարունակվի եւ կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում ավելանա, իմ կարծիքով, ճիշտ կլինի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգել: Կարեւորն այն է, որ մարզիկները լիարժեք կարողանան պատրաստվել Օլիմպիական խաղերին: Այս իրավիճում բարդ կլինի լիարժեք պատրաստվելը: Ճիշտ չի լինի՝ անցկացնել անցկացնելու համար: Սա իմ անձնական կարծիքն է: Եթե կանգ առնի այս պանդեմիայի տարածումը, մարզիկները կհասցնեն պատշաճ պատրաստվել Խաղերին:

Տարբերակ է նաեւ առանց հանդիսականի անցկացնելը, բայց գերազանց կլիներ, որ Խաղերը լիարժեք կազմակերպվեին եւ անցկացվեին: Հանդիսականի բացակայությամբ մրցումներ անցկացնելը առանց հույզերի կստացվի: Սպորտի հարմոնիան կկորչի: Երկրպագուները, նրանց էմոցիաները Օլիմպիական խաղերի մեկ այլ գեղեցիկ կողմն են եւ առանց այդ ամենի ուղղակի անհնար է պատկերացնել Խաղերն առհասարակ:

Կորոնավիրուս vs հայկական սպորտ

Կորոնավիրուսն, անկասկած իր հետքը կթողնի յուրաքանչյուր մարզաձեւի, մարզիկի վրա: Պատկերացրեք՝ մարզիկը երկար ու բարդ մարզումային փուլ է անցել, հասել իր մարզավիճակի գագաթնակետին, գնացել հասել է մրցավայր եւ այս վիրուսի պատճառով ամեն ինչ հետաձգվում է: Ցանկացած պարագայում ազդելու է բոլորի վրա էլ:

Եթե մեկ տարի հետաձգվի, կհավաքվեն բոլորը, այդ թվում եւ հայ մարզիկները: Բայց այս վիրուսը ոչինչ «չի ասում», որ մենք էլ կարողանանք ինչ-որ բան ասել: Այս պահին բոլորիս համար է դժվար եւ անորոշ վիճակ:

Մեր ըմբիշների վրա էլ այն իր ազդեցություն ունեցավ: Եթե Խաղերը չհետաձգվեն, ամեն ինչ պետք է անենք, որ հասցնենք պատրաստվել: Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչպես ենք անելու, բայց ինչպես էլ մտածում եմ՝ չենք հասցնելու: Ե՞րբ կլինեն վարկանիշայինները, ե՞րբ կկարողանանք հավաքներ անել, պատրաստվել: Բացի պատրաստվելը, օրինակ, ըմբիշները պետք է նաեւ միջազգային մրցաշարերում հանդես գան, որպեսզի հասկանանք, ով որքան է պատրաստ օլիմպիական գորգ դուրս գալուն: Չգնա՞նք գոնե մի մրցաշարի, տեսնենք՝ որ ուղղությամբ ենք գնում, ճի՞շտ ենք առաջ շարժվում, թե՞ սխալ, ո՞ր մասում ենք թերանում:

Մենք ունեինք արդեն մեր նախապատրաստական փուլը տարբեր միջազգային մրցաշարերով, հավաքներով, բայց ամեն ինչ մնաց օդում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս