09:43  ,  19 մարտի, 2020

Դա անհեթեթություն է. ՈւԵՖԱ-ի նախագահը բացառել է ազգային առաջնություններում չեմպիոնների որոշումը

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բացառել է, որ ազգային առաջնություններում կարող են չեմպիոններ հռչակվել, եթե չանցկացվեն մրցաշրջանի մնացած տուրերի հանդիպումները:

«Ես բացառում եմ, որ ազգային առաջնություններում կարող են չեմպիոն հռչակվել այն թիմերը, որոնք հիմա առաջին տեղում են: Դա անհեթեթություն է: Մենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Մեր նպատակը մրցաշրջանն ամենաուշը մայիսին վերսկսելն է: Եվրո-2020-ը 1 տարով հետաձգվել է, և դա մեզ հնարավորություն կտա ամռանն ավարտին հասցնել ազգային առաջնություններն ու եվրագավաթային մրցաշարերը»,- ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

Ավելի վաղ տարբեր մարզական պարբերականներ հայտնել էին, որ ՈւԵՖԱ-ն կարող է ազգային առաջնություններում չեմպիոններ հռչակել այն թիմերին, որոնք ներկա պահին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջատարի տեղը: 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում անորոշ ժամանակով դադարեցվել են ֆուտբոլային առաջնությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում