23:06  ,  18 մարտի, 2020

Կոուտինյոն կվերադառնա՞ Պրեմյեր լիգա. Անգլիական ակումբը կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Գերմանիայի չեմպիոն «Բավարիայում», ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմյեր լիգա:

27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», որի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «Բարսելոնայի» և բրազիլացի ֆուտբոլիստի հետ:

«Բավարիայի» ղեկավարությունը չի ցանկանում օգտագործել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը 120 միլիոն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունը և ամռանը ֆուտբոլիստին կվերադարձնի «Բարսելոնային», որը մտադիր է բրազիլացի կիսապաշտպանի վաճառքից ստացվելիք գումարն օգտագործել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ու «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար:

Diario Sport-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնայում» քննարկում են Կոուտինյոյին Լաուտարո Մարտինեսի ձեռքբերման գործարքում ընդգրկելու հնարավորությունը:

Նշենք, որ «Բավարիայի» կազմում Կոուտինյոն մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում