22:00  ,  16 մարտի, 2020

Լոնդոնի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կդադարեցվի

Լոնդոնում մարտի 14-ին մեկնարկած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ՝ դադարեցվեց, հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

News.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մրցաշարը դադարեցնելու մասին տեղեկությունը հաստատեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը:

«Մրցաշարը դադարեցնում են երրորդ օրով: Այսօր նախատեսված բոլոր մենամարտերը կանցկացվեն: Վաղվանից մենամարտերը կդադարեցվեն»,- ասաց Վահան Ադիլխանյանը:

Մրցումային երրորդ օրվա՝ մարտի 16-ին նախատեսված բոլոր մենամարտերը տեղի կունենան: Հետաձգված մրցաշարը կշարունակվի մայիսից ոչ շուտ և կմեկնարկի մրցումային չորրորդ օրը նախատեսված մենամարտերով:

Նշենք, որ մարտի 16-ին 75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթանակով էր մեկնարկել վարկանիշային մրցաշարում, իսկ Անուշ Գրիգորյանը հավասար պայքարում պարտվել էր իտալացի մրցակցին:

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Հաղթելու դեպքում Կորյուն Սողոմոնյանն ու Արթուր Բազեյանը կապահովեն օլիմպիական ուղեգիրը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս