21:19  ,  14 մարտի, 2020

Արթուր Գեւորգյան․ ՀԲՖ-ն այս շրջանում հատուկ չի բարձրաձայնում ՀԱՕԿ-ի անօրինական գործողությունների մասին

Ֆեդերացիան այս շրջանում հատուկ չի միջամտում եւ չի բարձրաձայնում  ՀԱՕԿ-ի անօրինական գործողությունների մասին, որպեսզի չշեղենք մեր մարզիկներին իրենց հիմնական աշխատանքից: Համոզված եմ, որ մեր առաջատար բոլոր մարզիկները կնվաճեն օլիմպիական ուղեգրեր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Բռնցքամարտի Հայաստանի թիմը մարտի 11-ին մեկնել է Լոնդոն, որտեղ կմասնակցի առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Հայաստանի հավաքականի կազմում Լոնդոնում օլիմպիական ուղեգերի համար կպայքարեն 10 բռնցքամարտիկներ: Տղամարդկանց պայքարում հանդես են գալու Կորյուն Սողոմոնյանը (52 կգ),  Արթուր Բազեյանը (57 կգ),  Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ): Կանանց պայքարում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ 51կգ՝ Անուշ Գրիգորյան եւ 69 կգ՝ Անի Հովսեփյան:

Լոնդոնի մրցաշարին թիմի կազմում չի ընդգրկվել Եվրոպայի գործող չեմպիոն, 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, քանի որ ՀԱՕԿ-ի կողմից անցկացված «Կաշվե ձեռնոց» մրցաշարում Արթուր Հովհաննիսյանը պարտվել էր Կորյուն Սողոմոնյանին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 24-ին, ՀԱՕԿ-ի հրավիրած արտահերթ ասամբելայում Արթուր Գեւորգյանի ղեկավարած ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ի ադամակցությունից, ինչը ենթադրում էր ՀԲՖ-ի հետ աշխատանքի դադարեցում:

Պարոն Գեւորգյան, հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը օլիմպիական ուղեգրերի համար: Քանի՞ ուղեգրերի ակնկալիք ունեք եւ ի՞նչ կասեք այս փուլում պատսխանատու մարզիչ նշանակված Ռաֆայել Մեհրաբյանի ձեւավորած կազմի մասին:

Մրցաշարի մասնակիցների կազմի հետ ունենք անհամաձայնություն, բայց այս շրջանում ֆեդերացիան չի ցանկանում միջամտել պատասխանատու մարզիչի որոշումներին: Արդյունքները կխոսեն նրանց կայացրած որոշումների մասին: Ցավում եմ եւ մեծ սխալ եմ համարում Եվրոպական խաղերի չեմպիոն, այիսնքն՝ Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Հովհաննիսյանին կազմում չընդգրկելը:

Մեր ծրագրերում կար մինչեւ 7 օլիմպիական ուղեգիր ունենալ, ինչը ես իրատեսական էի համարում 2019 թվականի մեր արդյունքներից հետո: Իրենց չափանիշները 3-4 ուղեգիր ունենալն է: Եթե դա բավարարում է իրենց, ինձ համար դա ընդունելի չէ:

Որպեսզի բոլորին հասկանալի լինի, Ռաֆայել Մեհրաբյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Հավաքականի գլխավոր մարզիչը Վահան Ադիլխանյանն է, որի աշխատանքի արդյունքում 2019 թվականին մենք ունեցանք շատ բարձր արդյունքներ: Ռաֆայել Մեհրաբյանն այս շրջանում զուտ օլիմպիական թիմի պատասխանատուն է, նրան նշանակել է ՀԱՕԿ-ը, քանի որ յուրաքանրյուր երկրի օլիմպիական կոմիտեներին է հանձնարարված կազմակերպել եւ անցկացնել Տոկիո-2020-ի նախապատրաստական փուլն ու վարկանիշային մրցաշարերի մասնակցության հարցերը: Սա եւս ապօրինի որոշում է՝ հավաքականի մարզիչին թողնել եւ մարզիչ նշանակել մեկ ուրիշին, բայց մենք հանդուրժեցինք այս ամենը զուտ մեր մարզիկներին աշխատանքից չշեղելու համար:

Շրջանառվեցին խոսակցություններ, որ ֆեդերացիան է ֆինանսավորում մասնակցությունը վարկանիշային մրցաշարերի: Մյուս կողմն էլ հայտարարեց, որ վարկանիշային մրցաշարերը ֆինանսավորում է բացառապես Հայաստանի Կառավարությունը: Ի՞նչ կարգով է կատարվել ֆինանսավորումը:

Հատուկ դժվար հասկացողների համար բացատրեմ՝ ֆինանսավորման կարգն ինչպես է տեղի ունենում: Ֆեդերացիան իրականացնում է պետության կողմից տրամադրվող դոտացիայի ճիշտ վերաբաշխումը եւ նպատակային օգտագործումը: Խոսքը միայն Օլիմպիական խաղերի մասին չէ, այլ միշտ: Այն ֆեդերացիաները, որոնք ընդգրկված եւ ճանաչված են միջազգային կառույցների կողմից եւ պաշտոնապես ճանաչված են տվյալ երկրում, որպես ազգային ֆեդերացիա, պայմանագիր են կնքում Կառավարության հետ, պետական ֆինանսավորում են ստանում եւ ըստ անհրաժեշտության իրականացնում ծախսերը:
Պետական միջոցները, որը տրմադրվում է դոտացիոն կարգով բացառապես օգտագործվում են միջազգային եւ պետական նշանակություն ունեցող միջոցառումների համար։ Դրանք են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները, Եվրոպայի, աշխարհի առաջնությունները եւ դրանց նախապատրաստական փուլերն են, այդ թվում եւ Օլիմպիական խաղերն իր նախապատրաստական փուլով եւ վարկանիշային մրցաշարերի մասնակցությամբ:

Ֆինանսավորումը եղել է հետեւյալ կարգով: ՀԱՕԿ-ը դիմել է Կառավարությանը, Կառավարությունը ցուցակն ուղարկել է մեզ, որպեսզի մենք այն հաստատենք եւ ֆինանսավորումն իրականացնենք: Ցուցակում տեղի է ունեցել որոշակի փոփոխություններ, որի հետ մենք համաձայն չէինք: Մարզիկներ հետ միասին տուրիստներ էլ էին ցանկանում տանել Լոնդոն: ՀԱՕԿ-ի առաջարկով պետության գումարներով մարզիկներից ու մարզիչներից բացի մի քանիսի անուններն էլ կային ցուցակում, որը մենք հանել ենք: Անուններ չեմ տա, մարդիկ էին, որոնք թիմի հետ կապ չունեին: Մենք ենք կատարել ֆինանսավորումը, որը տրամադրվում է Կառավարության կողմից: Դա նշանակում է՝ ֆինանսավորումը կատարվել է ֆեդերացիայի պետական բյուջեից: Մենք կազմը հաստատել ենք եւ կատարել անհրաժեշտ փոխհատուցումը:

Չնայած թիմի կազմի հետ ունեինք անհամաձայնություն, բայց արել ենք ամեն ինչ, որ Հայաստանը շատ լավ կազմով ներկայանա Լոնդոնի մրցաշարին՝ բժիշկ, մերսող, մարզիչներ՝ նախապատրաստման փուլի պատասխանատու մարզիչը՝ Ռաֆայել Մեհրաբայնի ուղեկցությամբ: Այսինքն՝ ամեն ինչ արվել է, որպեսզի թիմն իր լիարժեք մասնակցությունն ապահովի, հետագայում խոսակցությունների առիթ չհանդիսանա:

Ֆեդերացիան վերջին շրջանում հատուկ չմիջամտեց ՀԱՕԿ-ի աշխատանքներին, չխոսեց եւ չբարձրաձայնեց անօրինական երեւույթների եւ գործողությունների մասին, որպեսզի մեր բռնցքամարտիկներին չշեղենք հիմնական աշխատանքից: Շատ կարճ ժամանակ է մնացել մինչեւ Օլիմպիական խաղեր եւ այս շրջանում ես ավելի շատ կարեւորում եմ մեր բռնցքամարտիկների մասնակցությունն ու արդյունքը:

Ձեր գլխավորած ֆեդերացիայից թիմի կազմ է ընդգրկվել 4 բռնցքամարտիկ: Ի՞նչ նախապատրաստական փուլ են անցել մարզիկները եւ ի՞նչ ակնկալիքներ կան նրանցից:

Նշեմ, որ մեր առաջատարները, մասնավորապես, Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը մարզվել եւ պատրաստվել են առանձին ծրագրով՝ իրենց մարզիչի գլխավորությամբ:

Վերջին շրջանում, մասնավորապես Եվրոպական խաղերից հետո Հայաստանի հավաքականը աննախադեպ արդյունք է գրանցել՝ Եվրոպայում երկրորդն ենք, աշխարհի լավագույն հավաքականներից մեկն ենք դարձել: Եվ այս փուլում փոխել մարզումային ծրագիրը, մի ինչ-որ նոր մարզիչի բերել, որը ձախողվել է նախկինում նույն այս մարզիկների հետ աշխատանքում, տղաների համար խնդիր էր դարձել: Նրանք բոյկոտեցին այդ մարզիչին եւ որոշեցինք մարզվել թիմի հետ, բայց առանձին ծրագրով՝  չառանձնանալով թիմից, խնդիրներ եւ խոչընդոտներ չստեղծելով: Ի դեպ, Հովհաննես Բաչկովի եւ Արթուր Հովհաննիսյանի անձնական մարզիչը նույնն է:

Ամեն դեպքում մենք մեր մարզիկներից օլիմպիական ուղեգրերի ակնկալիք ունենք եւ վստահ կարող եմ հայտարարել, որ օլիմպիական ուղեգրեր նրանք նվաճելու են: Ավելին՝ մենք այս Օլիմպիական խաղերում մեդալ ենք ունենալու:

Ինչ վերաբերում է Անուշ Գրիգորյանին ու Անի Հովսեփյանին, նրանք պոտենցիալ օլիմպիականներ են: Այս մրցաշարում ուղեգրեր կնվաճեն նաեւ Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը: Մյուսների մասին ոչինչ ասել չեմ կարող: Թող շատ հաջող մասնակցեն բոլորը. անկախ ամեն ինչից, հաջող մասնակցությունը մեր երկրինն է, մեր երկրպագուինը:

Պարոն Գեւորգյան, նշեցիք, որ ֆեդերացիան է հաստատել ՀԱՕԿ-ի ներկայացրած կազմի պետական ֆինանսավորումը: Նշանակում է՝ ֆեդերացիան շարունակո՞ւմ է իր բնականոն հունով աշխատանքը, այդ թվում եւ աշխատանքը ՀԱՕԿ-ի հետ:

Այո: Մենք մեր բնականոն հունով աշխատում ենք: ՀԱՕԿ-ը շարունակում է աշխատել մեզ հետ: Որպես օրինակ՝ վերջերս ֆեդերացիան ՀԱՕԿ-ից ստացավ մարզիկների համազգեստը վարկանիշային մրցաշարերի համար  եւ բաժանեց թիմին: Նույն հաջողությամբ ֆեդերացիան հաստատեց թիմի կազմը եւ կատարեց ֆինանսավորումը: Այս կազմը, որի հետ մենք չնայած համաձայն չենք, ամեն դեպքում մեկնում են վարկանիշային մրցաշարի մեր ֆեդերացիայի անվան տակ: Ուրիշ այլ որեւէ ֆեդերացիայի անվան տակ պարզապես չեն կարող նրանք երկիր ներկայացնել: Այնպես որ, ամեն ինչ իր հունով գնում է: Մենք շարունակում ենք մնալ եւ լինել օրինական ֆեդերացիա, որին ճանաչում եւ ընդունում է Հայաստանի Հանրապետությունը, նախարարությունը, միջազգային եւ Եվրոպական ֆեդերացիաները, ես էլ շարունակում եմ լինել ֆեդերացիայի օրինական նախագահը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով