12:12  ,  13 մարտի, 2020

Գեղամ Կադիմյանը՝ «Նեման» տեղափոխության և Հայաստանի հավաքական վերադառնալու ցանկության մասին (ֆոտո)

Երևանի «Ալաշկերտից» հեռացած Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը համալրել է բելառուսական «Նեմանը»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը խոսել է Բելառուսի առաջնություն տեղափոխվելու, նոր մարտահրավերի, նոր թիմի գլխավոր մարզիչի հետ հարաբերությունների և Հայաստանի հավաքական վերադառնալու ցանկության մասին:

«Եղավ «Նեմանի» տարբերակը, եւ ես մտածեցի՝ ինչու ոչ։ Մեկնեցի Բելառուս, մասնակցեցի ստուգողական հանդիպման՝ լավ տպավորություն թողնելով մարզչական շտաբի վրա, ինչից հետո ինձ առաջարկեցին պայմանագիր։

Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա էին նահանգապետը և «Նեմանի» նախագահը: Հաճելի է, որ ղեկավարներն աջակցում են ակումբին։

Գերազանց կոլեկտիվ է, հավաքվել են բարձրակարգ ֆուտբոլիստներ։

Շատ եմ ցանկանում արդյունավետ տարի անցկացնել, լավագույն կողմերից դրսեւորել ինձ Բելառուսի առաջնությունում և կրկին հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից:

Հավանում եմ «Նեմանի» գլխավոր մարզիչի աշխատելաոճը: Նա խիստ, բայց կարգին մարդ է և բարձր որակավորում ունեցող մասնագետ է: Վայելում եմ մարզիչի վստահությունը, ինչն ինձ համար շատ կարևոր է»,- նշել է Կադիմյանը:

Նշենք, որ Գեղամ Կադիմյանը «Ալաշկերտ» տեղափոխությունից առաջ հանդես է եկել միայն ուկրաինական ակումբներում: Հայաստանի առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ: Հայաստանի հավաքականում անցկացրած 10 խաղում Կադիմյանը դարձել է 2 գոլի հեղինակ։

Սամվել Սուքիասյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս