18:44  +04,  12 մարտի, 2020

Դավիթ Նալբանդյան․ Ֆեդերերը, Նադալն ու Ջոկովիչը բացառիկ են

Նախկին թենիսիստ, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հիացմունքով է խոսել համաշխարհային թենիսի առաջատարներ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի, իսպանացի Ռաֆայել Նադալի եւ սերբ Նովակ Ջոկովիչի մասին։

«Նրանք բացառիկ են։ Այսքան երկար տարիներ ամենաբարձր մակարդակում հանդես գալը բացառիկ երեւույթ է։ Հավանաբար, նրացնից առաջ ոչ ոք չի ունեցել այսպիսի կայուն մրցելույթներ տասնամյակից ավելի։ Ես եղել եմ այդ մակարդակում եւ գիտեմ, թե ինչքան զոհողություններ են պետք։ Զարմանալի է, թե ինչպես է նրանց հաջողվում։

Վնասվածքների տեսանկյունից, Նադալն ավելի շատ է տառապել, քան Նովակն ու Ֆեդերերը։ Ինձ հիացնում է նրանց մոտիվացիան ու ամենավերեւում մնալու ձգտումը»,- Նալբանդյանի խոսքը մեջբերում է pagina12.com.ar-ը։

Նալբանդյանը ATP շարքի մրցաշարերում նվաճել է մենախաղի 11 տիտղոս։ 2002-ին հասել է Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Արգենտինայի հավաքականի հետ երեք անգամ հանդես է եկել Դեւիսի գավաթի խաղարկության եզրափակիչում։ 2005-ին նվաճել է ATP տարվա ամփոփիչ առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 2006-ին համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցրել է երրորդ տեղը։ 2013-ին կարիերան ավարտելուց հետո փորձել է ուժերը մոտո եւ ավտոսպորտում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս