09:11  ,  11 մարտի, 2020

Էդուարդ Սահակյան․ Չորս մասնակից ունենք, չորսից էլ օլիմպիական ուղեգրի ակնկալիք կա (ֆոտո)

Թիմում հրաշալի մթնոլորտ է: Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին: 4 ներկայացուցիչից էլ օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունենք։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Հունահռոմեականներն այս օրերին Երեւանի Օլիմպավանում վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում առաջին վարկանիշային մրցաշարից առաջ:

NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւեց մարզումային օրերից մեկին: Տոկիոյի Օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը տեղի է ունենալու մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

Եվրոպայի առաջնությունից հետո հավաքականի գլխավոր մարզիչն արդեն հայտարարել էր առաջին վարկանիշային մրցաշարի մասնակիցների կազմը: Բուդապեշտում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանն (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

«Վերջին ուսումնամարզական հավաքն ենք անցնում Արմեն Բաբալարյանի ղեկավարած երիտասարդական հավաքականի հետ: Հավաքին մասնակցում են ազգային հավաքականի բոլոր անդամները, այդ թվում եւ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Առանց վնասվածքների եւ բարձր տրամադրությամբ ենք մոտենում վարկանիշային մրցաշարերի: Բոլոր պլանավորված մարզումներն ու հավաքներն անցել ենք: Եվս մի քանի Օլիմպիական ուղեգերի ակնկալիք ունենք: Բարդ է լինելու պայքարը, քանի որ վարկանիշային մրցաշարերում վիճարկվելու է յուրաքանչյուր քաշում երկուական ուղեգիր: Այսինքն՝ ուղեգիր նվաճելու են միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները։

Միշտ գնում ենք առավելագույն արդյունքի հետեւից: Այս մրցաշարում չորս մասնակից ունենք, չորսից էլ օլիմպիական ուղեգրի ակնկալիք կա: Մյուս վարկանիշային մրցաշարի մասնակիցների կազմը կորոշենք այս մրցաշարից հետո»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հավաքականի մարզմանը մասնակցում էին թիմի բոլոր անդամները, բացառությամբ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի: Աշխարհի եռակին, Եվրոպայի հնգակի չեմպիոնն առանձին ուժային մարզում էր անցկացնում եւ թիմին պետք է միանար օրվա երկրորդ մարզմանը:

Այդ մասին ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

«Իմ վերջին տվյալներով վարկանիշային մրցաշարերը չեն հետաձգվելու կորոնավիրուսի պատճառով: Մինչեւ այս ամսվա վերջ կանցկացվեն նաեւ Ասիայի ու Աֆրիկայի վարկանիշային մրցաշարերը: Այնպես որ ոչինչ չի հետաձգվում, մենք էլ բարձր մարտական ոգով պատրաստվում ենք վարկանիշային մրցաշարերին: Նույն տրամադրվածությամբ կպատրաստվենք Օլիմպիական խաղերին»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը:

Հունահռոմեականները Բուդապեշտում կայանալիք վարկանիշային մրցաշարում կմեկնարկեն մարտի 21-ին: Թիմը մրցավայր կմեկնի մարտի 19-ին: Մարտի 19-20-ն էլ օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն ազատ ոճայինները: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Բուդապեշտում օլիմպիական ուղեգրերը կվիճարկեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Հաջիմուրադ Գացալովը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով