23:35  ,  29 փետրվարի, 2020

Կարապետ Չալյան․ Զարմացած եմ, թե պատկառելի տարիքի մարդն ու ԱԺ պատգամավորը ինչպես կարող են այդքան սուտ խոսել

Զարմացած եմ, թե պատկառելի տարիքի մարդն ու ԱԺ պատգամավորը ինչպես կարող են այդքան սուտ խոսել: Արսենին թունավորելու կամ վնասվածք հասցնելու նրանց վախն ուղղակի ծիծաղելի է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը՝ արձագանքելով օրերս Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների հայտարարություններին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական խորհուրդը փետրվարի 18-ին հայտարարեց Տոկիո-2020-ում հունահռոմեական ըմբաշամարտի 77 կգ քաշային կարգի մասնակցի անունը։ Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի Կարապետ Չալյանը:

Հայտարարությունից հետո հավաքականի մարզիչները հրավիրված ասուլիսում մեկնաբանեցին իրենց որոշումը:

Փետրվարի 26-ին պատասխան ասուլիսով հանդես եկան նաեւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ու նրա հայրը՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը՝ մարզչական խորհրդի որոշումը համարելով ապօրինի եւ անարդար:

Ասուլիսում ավագ եւ կրստեր Ջուլֆալակյանները բազմաթիվ պատճառաբանություններ ներկայացրին, թե ինչու են հրաժարվել մարզչական խորհրդի կողմից նշանակված որոշիչ մրցաշարերից:

Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց նաեւ, որ որդին չի մարզվում հավաքականի հետ՝ թունավորվելու կամ միտումնավոր վնաս ստանալու վախից:

Կարապետ Չալյանը պատասխանել է ասուլիսում իրեն հասցեագրված մեղադրանքներին եւ Ջուլֆալակյանների կողմից թեմայի շուրջ արված մի շարք այլ հայտարարություններին:

«Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լեւոն եւ Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին: Այդ ասուլիսում ես տղամարդկային խոսակցություն չտեսա, հակառակ դեպքում շատ բան կունենայի ասելու:

Միայն մի քանի բան կասեմ. երբ ես Արսենին Հայաստանի առաջնությունում հաղթեցի, դրանից հետո Լեւոն Ջուլֆալակյանի որոշմամբ մենք երկու անգամ գոտեմարտեցինք որոշիչ մրցաշարում: Մեկ անգամ էլ ստուգողական գոտեմարտ ենք անցկացրել իրենց ուզած վայրում եւ օրը: Այս բոլոր դեպքերում ոչ մի անգամ չեմ հրաժարվել պայքարից: Այդ բոլոր գոտեմարտերում մեր հանդիպումն Արսենի հետ ավարտվել է իմ հաղթանակով: Մեր միջեւ տեղի է ունեցել 4 գոտեմարտ, չորսում էլ հաղթել եմ ես:

Իսկ այժմ, երբ հավաքականի մարզիչները երկու անգամ նրան հնարավորություն են տալիս չափելու ուժերը ինձ հետ, նա հրաժարվում է: Առաջին հնարավորությունը Հայաստանի առաջնությունն էր, երկրորդը՝ Նիցայի մրցաշարը: Երկու դեպքում էլ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է այն դեպքում, երբ Լեւոն Ջուլֆալակյանի ժամանակ որոշիչ էր նշանակվում, ես ոչ մի դեպքում չէի հրաժարվում:

Միայն մի բանից եմ զարմացած. ինչպես կարող է պատկառելի տարիքի մարդը եւ Ազգային Ժողովի պատգամավորը այդքան սուտ խոսել: Փաստ. ես 4 անգամ հաղթել եմ Արսենին, որից երկուսը միջազգային մրցաշարում: Ասուլիսում նշվեց միայն Հայաստանի առաջնության եզրափակիչը: Ես 2016-2020 թվականներին նվաճել եմ Եվրոպայի երկու բրոնզե մեդալ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալ, իսկ իմ այդ նվաճումների մասին ասուլիսում նորից չնշվեց:

Ինչ վերաբերում է Արսենին թունավորելուն կամ վնասվածք հասցնելուն, ուղղակի ծիծաղելի է եւ մեկնաբանության ենթակա չէ»,- ասաց Կարապետ Չալյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով