15:19  ,  28 փետրվարի, 2020

Սադիո Մանե․ Կարծում եմ՝ Յուրգեն Կլոպի արձանը կտեղադրեն «Էնֆիլդում»

Անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն կանխատեսել է, որ ակումբն ապագայում կտեղադրվի թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի արձանը։

«Կարծում եմ՝ Յուրգեն Կլոպի արձանը հաստատ կտեղադրեն «Էնֆիլդում»։ Կլոպը հրաշալի մարզիչ է, որը ձգտում է առավելագույնն անել ակումբի եւ խաղացողների համար։

Նա առանձնահատուկ մոտեցում ունի ամեն ինչի նկատմամբ։ Կլոպն ավելի մեծ պատասխանատվություն է թողնում ֆուտբոլիստներին խաղադաշտում, եւ դա շատ կարեւոր է։ Նա նաեւ շատ ընկերական է խաղացողների հետ»,- Սադիո Մանեի խոսքը մեջբերում է BBC-ն։

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015թ․ հոկտեմբերից։ Անցած տարի թիմը դարձավ Անգլիայի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 27 տուրից հետո 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունի 22 միավորի առավելություն։ Առաջնության ավարտին մնացել է 11 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում